ՃՈ աշխատակիցների կողմից վարչական տուգանքների հափշտակություն թույլ չտալու նպատակով Ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն
11:09 - 26 հունվարի, 2022

ՃՈ աշխատակիցների կողմից վարչական տուգանքների հափշտակություն թույլ չտալու նպատակով Ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն

ՃՈ աշխատակիցների կողմից վարչական տուգանքների հափշտակություն թույլ չտալու նպատակով Ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն

2021 թ․-ի հուլիսին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ քաղաքացիներից գանձված վարչական տուգանքների հափշտակություն թույլ չտալու համար գործուն մեխանիզմներ ներդնելու միջնորդությամբ։

Դատախազությունը հրապարակման մեջ նշել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե,- խմբ․) քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ  2019-2020 թթ․-ի ընթացքում  քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոններ խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների վճարած գումարները սահմանված կարգով հանձնվել են  ՃՈ ավագ տեսուչ Վ. Գալստյանին: Վերջինս, սակայն, վարչական իրավախախտման արձանագրու­թյուն­ները, որոշումները և տեղում վճարման անդորրագրերը ՃՈ էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկօրյա ժամկետում Ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել: Գալստյանը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատախազությունը դիմել էր Ոստիկանությանը՝ նմանատիպ դեպքերը թույլ չտալու համար գործուն մեխանիզմներ ներդնելու համար։

Infocom-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել դատախազության այս միջնորդագրից հետո։

Հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով գանձապահի գործառույթն իրականացնող վարչական պրակտիկայի գծով ծառայողների գործողությունները հսկելու պարտավորությունը դրվել է վերջիններիս անմիջական ղեկավարների (դասակի հրամանատարների) վրա․Փոփոխության արդյունքում ուժեղացել է հսկողությունը գանձապահի գործառույթն իրականացնող վարչական պրակտիկայի գծով ծառայողի նկատմամբ։ Ճանապարհային ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ ուսումնասիրում է դասակի հրամանատարների կողմից վարչական պրակտիկայի գծով ծառայողների գործունեության նկատմամբ իրականացվող հսկողությունը»,-նշված է  Ոստիկանության պատասխանում։

Իսկ 2020 թ․-ից մինչ այս պահը, ըստ Գլխավոր դատախազութունից մեզ տրամադրած տվյալների, ՃՈ աշխատակիցների կողմից վարչական իրավախախտումների արդյունքում ստացված տուգանքների հափշտակության փաստով հարուցվել է 3 քրեական գործ․ 

«Հիշյալ քրեական գործերը հարուցվել են 2021 թ․-ի ընթացքում, որոնցից մեկ քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը, վատնումը,- խմբ․)։ Հիշյալ քրեական գործով դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել»։

Քրեական գործերից մեկով 1 անձի մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին,- խմբ Այս տարվա հունվարին որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրք 37-րդ հոդվածի հիմքով (հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը,- խմբ․)։

Քրեական գործերից մեկով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել