Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան |hetq.am|
16:25 - 25 հունվարի, 2022

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան |hetq.am|

hetq.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այդ մասին նշվում է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։

 

 

«Այսօր մենք տոնում ենք Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հաջորդ շաբաթ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի այցը Երևան նոր հնարավորություն կլինի ակտիվացնելու մեր երկկողմ հիանալի հարաբերությունները և ուսումնասիրելու մեր հետագա համագործակցության հնարավորությունները»,- նշվում է գրառման մեջ։

Ալեքսանդր Շալենբերգը Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին վերանշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 6-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր դաշնային կանցլերի պաշտոնը։

Այդ պաշտոնին Սեբաստիան Կուրցին փոխարինելուց 52 օր անց՝ նա հրաժարական էր տվել։ Կանցլերի պաշտոնում հաստատվելուց հետո Շալենբերգը չէր դարձել Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ։ Այն շարունակում էր ղեկավարել նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը։

«Ես այդպիսի մտադրություն չունեմ և երբեք այդպիսի նպատակ չի եղել՝ ինձ վրա վերցնելու Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահի գործառույթը։ Ես համոզված եմ, որ երկու պաշտոնը՝ կառավարության ղեկավարի և Ավստրիայի ամենահեղինակավոր կուսակցության առաջնորդի, պետք է որքան հնարավոր է շուտ միավորվեն մեկ ձեռքում»,- իր հրաժարականի դիմումում գրել էր Շալենբերգը։

Ներկայում Ավստրիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է երկրի ներքին գործերի նախկին նախարար Կառլ Նեհամերը, որը զուգահեռաբար նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդն է։

Նոյեմբերի 18-ին Ավստրիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր նախկին կանցլեր Կուրցին՝ կոռուպցիոն սկանդալի հետաքննության համար։ Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։

Քրեական գործով անցնում է Ավստրիայի ֆինանսների նախարարության մամուլի նախկին քարտուղար Յոհանես Ֆիշմանը, Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ, սոցիոլոգներ և լրագրողներ, որոնք, ըստ դատախազության, իշխանության գալու համար, օգնել են Կուրցին մանիպուլացնել հանրային կարծիքը։ Ինքը՝ Կուրցը, հերքում է բոլոր մեղադրանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել