Դպրոցի վարչատնտեսական գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցներ. ԿԳՄՍ փոխնախարար |hetq.am|
15:37 - 25 հունվարի, 2022

Դպրոցի վարչատնտեսական գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցներ. ԿԳՄՍ փոխնախարար |hetq.am|

hetq.am: Այսօր խորհրդարանական լսումների ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության բացերի մասին խոսելով, նշեց, որ դրանք հիմք են հանդիսացել իրականացնել փոփոխություններ։

Փոփոխություններից մեկը հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն է, որն այս տարի փորձնական ներդրվել է Տավուշի մարզում։

Երկրորդ փոփոխությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ ատեստավորման հարցն է, առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել կամավոր ատեստավորումը, իսկ պարտադիր ատեստավորումն անցկացնել ոչ թե հինգ տարին մեկ սկզբունքով, այլեւ իրականացնել ըստ բացահայտված մասնագիտական կարիքի։ Նոր ուսուցիչների պարագայում կարող է ավելի երկարատեւ լինել, իսկ փորձառու ուսուցիչների պարագայում լինել ավելի կարճատեւ եւ քիչ հաճախականությամբ։

Անդրեասյանն ասաց, որ ատեստավորման նպատակն է իրականացնել աշխատավարձի դրույքաչափի փոփոխություն՝ ոչ թե 10, 20, 30  հազար դրամով, այլ առնվազն պետք է քննարկել դրույքաչափը մինչեւ 200 հազար դրամ դարձնելը։ Կամավոր ատեստավորում անցնելուց հետո ուսուցիչը կստանա մինչեւ 50 տոկոս հավելավճար, իսկ տարակարգի մեխանիզմով կկարողանա կրկնապատկել աշխատավարձը։

Երրորդ փոփոխությունը ներառական կրթության համակարգի փոփոխությունն է, որը կապված է կրթության առանձահատուկ պայմանների կարիքի հասկացությունից եւ սահմանումից։ Փոփոխությունները հանգեցրել են, որ ներառական կրթության մեջ ներառվեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաները, այլեւ լեզվական տարբեր մշակույթից եկող կամ հուզական, վարքային առանձնահատկություններ ունեցող երեխաները։

Փոխնախարարի խոսքով՝ առանձնահատուկ պայմաններ են փորձում դիտարկել նաեւ արտակարգ ընդունակություն ունեցող երեխաների համար։ Ներդրվում է նոր հասկացություն՝ հատուկ դպրոց – ռեսուրս կենտրոն, նպատակն է համընդհանուր ներառման քաղաքականությունը ընդլայնել, քննարկել գործող հատուկ դպրոցների դերի եւ ձեւի վերափոխման, մասնագիտացված ռեսուրս կենտրոնների վերածման քաղաքականությունը։

Փոփոխություններ է կատարվել նաեւ համընդհանուր ներառականության ֆինանսավորման համար։

Նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուց հետո ամենաքննարկվող հարցը դպրոցի կառավարման հարցն է, որով առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները եւ ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում. «Մենք չենք պատկերացնում, որ դպրոցում պետք է լինի երկու անձ, պատկերացնում ենք որ դպրոցի վարչատնտեսական գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցներ, խոսքը կարող է գնալ նաեւ իրավաբանական անձի մասին, իսկ դպրոցի տնօրենները կունենան հնարավորություն կենտրոնանալու բովանդակային գործընթացի վրա եւ ապահովելու այն կրթական արդյունքը, որը հստակ կամրագրվի կատարողական ցուցանիշներով»,- դպրոցի կառավարման նոր մոդելի մասին խոսելով՝ նշեց փոխնախարարը։ Դպրոցի կառավարման մյուս բաղադրիչի՝ դպրոցական խորհրդի մասին ասաց, որ առաջարկվում է գնալ դպրոցների խորհուրդների խոշորացմանը, որոնք պետք է զբաղվեն բնակավայրի կամ համայնքի կրթական բոլոր ծառայությունների հետ կապված հարցերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել