Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|
13:21 - 25 հունվարի, 2022

Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը շաբաթական ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները «ճիշտ ուղու վրա են և գրանցել են լավ առաջընթաց»:

Նրա փոխանցմամբ, «բանակցող կողմերի միջև առկա տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են»։

«Ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները հետագայում չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից», - ասել է Խահթիբզադեհը:

Իրանը կարևորում է հնարավոր համաձայնության վերաբերյալ հստակ երաշխիքների տրամադրումը:

Խաթիբզադեհը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունել Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ հնարավորինս արագ որոշումներ կայացնել Թեհրանի հետ պահպանվող տարաձայնությունների վերաբերյալ:

Թեհրանը բանակցությունները շարունակելու համար պահանջում է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկում:

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այս փուլում ընթացող քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված:

Վիեննայի բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի ապրիլին: Կողմերը ցանկանում են վերականգնել Իրանի և գերտերությունների 2015 թվականի հուլիսի պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեն պատժամիջոցները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները:

Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է թեկուզ խմբագրված տարբերակով վերականգնել այդ պայմանագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել