Հայաստանն ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

 |armenpress.am|
21:34 - 24 հունվարի, 2022

Հայաստանն ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ուզում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզո՞ւմ ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում՝ այո, և մենք այդ դիրքորոշման մեջ անկեղծ ենք: Այն ժամանակ (խմբ.-2009 թվականին) չստացվեց, հիմա պետք է փորձենք հաշվի առնել նախորդ փորձը»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար կրկին նախապայմաններ առաջադրի, Փաշինյանն ընդգծեց. «Այո, 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններում չկային նախապայմաններ, բայց հետագայում նախապայմաններ ի հայտ եկան: Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Մենք պետք է հասկանանք, թե կողմերը որքանով են շահագրգիռ:  Քաղաքական բանակցությունների հենց առաջին իսկ մեկնարկային կետից գործընթացը թափանցիկ է: Նախկինում երբեք այդպես չի եղել»:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք հանրությունից գաղտնիք չունեն: «Մեր քաղաքականությունը հրապարակային հայտարարությունների տիրույթում է լինելու: Բայց աշխատանքային ինֆորմացիաներն անընդհատ արտահոսքի ենթարկել ևս գործընթացին որևէ օգուտ չի տա»:

Անդրադառնալով 2009 թվականի գործընթացի տապալմանը՝ Փաշինյանը նկատեց, որ կան պարամետրեր, որոնք այն ժամանակ այլ էին: «Այն ժամանակ Թուրքիայի կողմից բանակցությունները վարում էր նախագահը, իսկ Հայաստանի կողմից՝ Հայաստանի նախագահը: Բայց այն ժամանակ Թուրքիան խորհրդարանական կառավարման երկիր էր: Ճիշտ է, Թուրքիայի նախագահն իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ էր, բայց այնուամենայնիվ, նա չէր երկրի ղեկավարը, վարչապետն էր: Հիմա երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի տված լիազորությամբ և մանդատով: Այսինքն, սա պարամետրերից մեկն է, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործընթացի վրա, հույս ունենանք՝ դրական»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական կապեր հաստատելուն, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի կարող ասել՝ այս տարի կհաստատվե՞ն, թե՞ ոչ, սակայն շատ տրամաբանական է համարում, որ կողմերը հասնեն այդ արդյունքին: Այս մասին ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի առաջին «ռաունդի», այսինքն` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքները:

Փաշինյանը նշեց՝ առաջին «ռաունդը», ըստ էության, բացման փուլ է, որտեղ ընդամենը տեղի է ունենում ծանոթություն, տեխնիկական հարցերի շուրջ քննարկում, իհարկե, նաև մթնոլորտ է ձևավորվում: «Եվ այն, որ ըստ էության կողմերն արձանագրեցին, որ համաձայնվել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը և բացասական մթնոլորտը: Դա խոսակցություն է, որ պետք է տեղի ունենա»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն՝ Փաշինյանն ասաց, որ ինքը չի կարող կանխատեսել դա այս տարի հնարավոր է, թե չէ, քանի որ դա, ցավոք, միայն Հայաստանից չէ կախված: «Բայց, ասեմ՝ շատ տրամաբանական կլինի, եթե օրինակ մենք հասնենք այդպիսի արդյունքի և մասնավորապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատել է՝ միջազգային վերլուծություններում կարմիր գծի նման անցնում է այն միտքը, որ, եթե այդ պրոցեսն առանց կոնկրետ արդյունքի շատ երկար ձգվի, կդառնա սովորական մի բան, որի նկատմամբ հետաքրքրությունը կկորցնեն և կողմերը, և միջազգային հանրությունը: «Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրները հետևյալն է՝ արդյոք և Հայաստանը և Թուրքիան անկեղծորեն շահագրգռվա՞ծ են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու: Ես մեր կողմից կարող եմ ասել, որ միանշանակ այո: Եվ ես հույս ունեմ, որ այդպիսի հնարավորություն կա, և, եթե այդ հնարավորությունը կա, կօգտագործվի: Ես կարող եմ հաստատել մեր կառավարության անկեղծությունն այս հարցում: Ընդ որում, ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ, որովհետև ՀՀ նախորդ բոլոր իշխանությունները այս դիրքորոշումն են ունեցել և անկեղծ այդ դիրքորոշումն են ունեցել»,-ասաց վարչապետը: 

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել