հոգեբուժական կազմակերպություններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ 2017 թվականի այցերի արդյունքներով 2018թ. մարտի 22-ին հրապարակած արտահերթ զեկույցից հետո ընդհանուր պատկերը չի փոխվել մինչ օրս։ Նման եզրահանգում է արել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ստորեւ՝ զեկույցում տեղ գտած հիմնական դրույթները, որոնք հրապարակել է ՄԻՊ աշխատակազմը։
Շաբաթ օրը հրապարակած արտահերթ զեկույցը ցույց է տալիս, որ գործնականում վիճակը նույնն է՝ սկսած Կառավարության ոչ թիրախային համակարգային քաղաքականությունից ու դանդաղ քայլերից մինչև անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ:
Զեկույցի գնահատականները հիմնված են 2021թ. ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» այցերի, բողոքների, ստացած պարզաբանումների, ինչպես նաև իրականացվել է համեմատություն նախորդ տարիների հետ:
Ընդհանուր գնահատականն այն է, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել ՝ անկախ գերատեսչական ենթակայությունից:
Հիմնական խնդիրները՝
Հոգեբուժական կազմակերպությունները գործում են Առողջապահության նախարարության, մարզպետարանների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։
Հաճախ են Առողջապահության նախարարի հրամանների պահանջները խախտվում ոչ իր ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպություններում:
Գոյություն չունի փոխհամաձայնեցված համագործակցություն, ինչն էլ առաջացնում է միասնական մոտեցումների բացակայություն, վերահսկողության հարցերում բացթողումներ և այլն:
Շարունակվող խնդր է վճարովի ծառայությունների մատուցումը (մանրամասները Զեկույցում են)։
Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում:
Հոգեբուժական կազմակերպություններում կամ առանձին բաժանմունքներում առկա չեն ֆիզիկական զսպման համար առանձնացված սենյակներ:
Գործնականում չեն պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները:
Ավելին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում:
Կամ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում որպես դեղորայքային հանդարտեցման միջոց կիրառվել է դեղամիջոցների համադրություն, որը նույնպես ներառված չէ որպես հանդարտեցման միջոց օրենսդրությամբ սահմանված թույլատրելի դեղամիջոցների ցանկում:
2021 թվականին այդպիսի դեպքեր հայտնաբերվել են դիտարկված բոլոր հոգեբուժարաններում:
Մեկ այլ խնդիր կապված է հոգեբուժական կազմակերպություններում դեղորայքի պահման սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների հետ:
Ուսումնասիրված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում տարբեր բաժանմունքների դեղապահարաններում առկա են եղել կտրած դեղաթիթեղներ, որոնց ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է։ Արձանագրվել են նաև դեղաթիթեղից դուրս բերված՝ բաց վիճակում պահվող դեղահաբեր։
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման անհատական ծրագրերում հոգեբուժական տարբեր կազմակերպություններում շարունակում է գերակշիռ տեղ զբաղեցնել դեղորայքային բուժումը, իսկ այլընտրանքային (արտթերապիա, ուսումնական, զբաղմունքային, աշխատանքային և այլն) բուժման ծրագրեր գրեթե չեն իրականացվում:
Մտահոգիչ է նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում մահճակալները տեղադրված են անմիջապես հիվանդասենյակի մուտքի մոտ՝ մասնակիորեն խոչընդոտելով պացիենտների մուտքը դեպի սենյակ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։
Սա նախևառաջ մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության երաշխիքների ոտնահարում է:
Մասնավորապես, նման պրակտիկա է արձանագրվել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ բաժանմունքի միջանցքում տեղադրված է եղել մահճակալ, և հանգստի ժամին այնտեղ քնած է եղել հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստացող կին պացիենտ: Ըստ բաժանմունքի բժշկական անձնակազմի՝ պացիենտը միջանցքում է տեղավորվել՝ բաժանմունքի հիվանդասենյակների ծանրաբեռնվածության պատճառով:
Հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև հագուստի անհատականացման խնդիրներ:
Մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով:
Այս ոլորտում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում շահագործվել է մանկական հոգեբուժական բաժանմունք՝ 12 անչափահաս անձանց հիվանդանոցային սպասարկման համար: Սա, իհարկե, դրական զարգացում է: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումների հիման վրա ներդրվել են ավելի արդյունավետ և ժամանակակից զսպման միջոցներ` Առողջապահության նախարարի հետ համագործակցությամբ:
Շարունակում է խնդրահարույց մնալ մարզերում [հեռավոր] բնակվող անչափահասների ստացիոնար հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը: Մարզերում տեղակայված հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների ստացիոնար պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան պայմաններ և արտոնագիր:
Նրանց տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է պատկառելի գումար (օրինակ՝ Վանաձորից-Երևան՝ 75.000 ՀՀ դրամ) ։
Սա վկայում է այն մասին, որ հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքերի մասին իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվում, ինչը խնդրահարույց է:
Բաժանմունքների սանհանգույցներում զուգարանները մեծամասամբ միմյանցից որևէ կերպ առանձնացված չեն եղել, որոշ զուգարանակոնքեր չեն ունեցել նստատեղ:
Սանհանգույցներում արձանագրվել են նաև ասիական տիպի զուգարաններ, իսկ հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաները բացակայել են:
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր այցի ընթացքում արձանագրվել է, որ պացիենտներին հսկելու նպատակով բաժանմունքի միջանցքում, սննդի ընդունման և ժամանցի համար առանձնացված հատվածում, տղամարդկանց համար նախատեսված սանհանգույցի նախասրահում և որոշ հիվանդասենյակներում տեղադրված են եղել տեսախցիկներ:
Հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը:
Մտահոգիչ է, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալների հագուստի և սպիտակեղենի մի մասը չորացվել է հոգեբուժական կազմակերպության ցանցապատ պարսպի վրա, իսկ մյուս մասը՝ այդ թվում նաև ներքնազգեստներ, գետնին՝ աղբի և ծխախոտի մնացորդների վրա: Նշվածը նվաստացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը և խիստ անընդունելի է:
Զեկույցում արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց այդ փոփոխություններն ինչ էլ, որ եղել է կապված են կա՛մ Առողջապահության միայն գործող նախարարի ձեռնարկած մի շարք կարևոր քայլերի հետ (օրինակ` 10-ից ավելի նոր ակտերով կարգավորումները), կա՛մ դրվագային են` կապված առանձին հոգեբուժարանների հետ (օրինակ` Առողջապահության նախարարության ենթակայությամբ «Նուբարաշենի», «Ավանի» հոգեբուժարան, կամ ողջունելի է այն, որ «Սևանի» հոգեբուժարանում հոգեբանները փաստաթղթավորել են պացիենտների հետ իրականացրած աշխատանքը, նախատեսվածի վերանորոգել վերջինի խոհանոցը): Մանրամասները զեկույցում են:
Առողջապահության նախարարության այս քաղաքականությունը պետք է զարգացնել արագ տեմպերով և ուժեղացնել վերահսկողությունը նախարարի նշված նոր հրամանների կատարման նկատմամբ:
Արձանագրված այս և մյուս խնդիրների վերացմանն ուղղված առաջարկներ կուղարկվեն իրավասու մարմիններին։
Մանրամասները՝ զեկույցում։
comment.count (0)