ՆԱՏՕ-ից հայտնում են, որ դաշնակիցները լրացուցիչ նավեր ու կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր
14:20 - 24 հունվարի, 2022

ՆԱՏՕ-ից հայտնում են, որ դաշնակիցները լրացուցիչ նավեր ու կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր

ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուժերը բերում են պատրաստության վիճակի և լրացուցիչ նավեր ու կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր՝ ուժեղացնելով դաշնակիցների պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում և շրջակայքում: Այս մասին նշված է այսօր ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Վերջին օրերին մի շարք դաշնակիցներ հայտարարություններ են արել ընթացիկ կամ առաջիկա տեղակայումների մասին։ Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչներ ուղարկել Լիտվա՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկարամյա օդային պարեկության առաքելությանը աջակցելու համար: Իսպանիան նավեր է ուղարկում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։ Ֆրանսիան իր պատրաստակամությունն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդեռլանդները ապրիլից Բուլղարիա կուղարկի երկու F-35 կործանիչներ՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի օդային պարեկության գործողություններին աջակցելու համար, և մեկ նավ ու ցամաքային ստորաբաժանումներ կբերի պահեստային ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի համար: Միացյալ Նահանգները հստակեցրել է նաև, որ դիտարկում է Դաշինքի արևելյան հատվածում իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է. «Ես ողջունում եմ դաշնակիցներին, որոնք լրացուցիչ ուժեր են ներդնում ՆԱՏՕ-ում։ ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին, այդ թվում՝ Դաշինքի արևելյան հատվածի ուժեղացման միջոցով: Մենք միշտ արձագանքելու ենք մեր անվտանգության միջավայրի վատթարացման ցանկացած դեպքին, այդ թվում՝ ուժեղացնելով մեր հավաքական պաշտպանությունը»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ մինչեւ 2014 թվականը դաշինքի արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի ուժեր չեն եղել։

Հիշեցնենք, որ The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրների, այսօր գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է ամերիկյան զորքերի, օդուժի եւ նավատորմի տեղաբաշխման հնարավորությունը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում։ Հրատարակության տեղեկատվությամբ՝ խոսքը կարող Է վերաբերել մի քանի հազար զինծառայողի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել