Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես
 |1lurer.am|
20:59 - 20 հունվարի, 2022

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջիմ Բենքսը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների սահմանման և այլ նպատակների մասին» օրինագիծը՝ տեղեկանում ենք ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքից:

Նախագծի համաձայն՝ առաջարկվում է ՌԴ-ն անջատել միջազգային ֆինանսական գործարքների SWIFT համակարգից, պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, կառավարության այլ  անդամների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, որոշ գործարարների և լրագրողների նկատմամբ:

Ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին էր անդրադարձել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանի, այդ թվում՝ երկրի ղեկավարության դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել երկրների միջև հարաբերությունների լիակատար խզման, ինչը չի բխի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից:

Անցյալ շաբաթ հանրապետական Թեդ Քրուզի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, չընդունվեց Սենատի կողմից։ Օրինագծի քննադատները նշում էին, որ այն կարող է վատթարացնել ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել