Պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, դեղին մամուլը նույնպես մամուլ է. ՀՌԱՀ անդամի թեկնածու |hetq.am|
17:56 - 20 հունվարի, 2022

Պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, դեղին մամուլը նույնպես մամուլ է. ՀՌԱՀ անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ՀՀ մշակույթի առաջին նախարար Հակոբ Հակոբյանի (բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունը):

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՌԱՀ թեկնածու Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, եթե հեռուստաալիքների դեմ պետությունը փորձի բռնաճնշում իրականացնել ու փորձի կասեցնել լիցենզիան կամ հեռարձակումը, ո՞րն է լինելու իր դիրքորոշումը:

Հակոբ Հակոբյանն արձագանքեց` քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն միանգամայն դեմ է:

«Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չի փակել, ինչպես փակվել է սրանից առաջ: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը»,- ասաց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց թեկնածուի քաղաքական հայացքներից, արդյոք իրեն համարում է անկուսակցական, թե՞ որոշակի քաղաքական կողմնորոշում ունի:

«Ասում են արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, ես էլ 200 երգ գիտեմ, 200-ն էլ` պետության մասին: Ես պետականամետ մարդ եմ, չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները: Կարծում եմ` մինչև այսօր մենք պետություն չեք կառուցել, կամ չենք ուզեցել կամ հնարավորություն չի եղել, իսկ այսօր պետություն կառուցելու ռեալ հնարավորություն ունենք»,- արձագանքեց ՀՌԱՀ անդամության թեկնածուն:

Պատգամավորն հստակեցրեց հարցը՝ հասկանալու համար ընդդիմադիր է, թե՞ ոչ:

«Ես ընդդիմադիր եմ, որովհետև կարծում եմ 30 տարվա ընթացքում մեր երկրում պետության մոդելի մի կաղապար է ձևավորվել, որը բոլորիս մեջ էսպես թե էնպես կա: Ես կարծում եմ՝ եկել է մի իշխանություն, որն այդ մոդելին ընդդիմադիր է, և ես էլ, համակրելով այդ իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր»,- ասաց Հակոբյանը:

Վարդևանյանը նաև անդրադարձավ թեկնածուի այն խոսքերին, որ տարիներ առաջ Հ/Ը է եթերազրկվել, ինչն իր համար անընդունելի է: Նա հարցրեց, թե արդյոք թեկնածուն գիտի վերջին չորս տարվա ընթացքում որևէ դեպքի մասին, երբ եթերազրկում է եղել: Հակոբյանն ասաց` չգիտի նման դեպքի մասին: Վարդևանյանը մանրամասնեց` Հ2 Հ/Ը-ը զրկվել է լիցենզիայից:

«Ես տեղյակ չեմ, եթե նման բան է եղել, վատ բան է եղել, պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, եթե իհարկե հանցագործ նպատակներ չեն հետապնդում: Դեղին մամուլը նույնպես մամուլ է, մեր մամուլը լիքն է դեղինով: Ես էն կարծիքին եմ, որ դա փակել պետք չէ, թող դեղինը դեղնի, վերջանա»,- եզրափակեց թեկնածուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել