Բաքվին և Երևանին կոչ ենք արել մոտ ժամանակներս ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Զախարովա |1lurer.am|
13:45 - 20 հունվարի, 2022

Բաքվին և Երևանին կոչ ենք արել մոտ ժամանակներս ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանն աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ իր մանդատին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանային այն իրողությունները, որոնք առաջացել են 2020 թ. հետո։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն։

Նրա խոսքով՝ այդ դիրքորոշմանը լիովին աջակցում են ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

«Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում կոչ է արվել Բաքվին և Երևանին մոտ ժամանակներս ընդունել համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրավիճակն անմիջականորեն, տեղում շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են եռյակի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումների ժամանակ»,- ասաց Զախարովան։

Նա նշեց, որ 2021 թ. սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած շփումների արդյունքում համանախագահները 2021 թ. դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին են փոխանցել հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ «հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկներ»:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դա ուղղված էր հրատապ խնդիրների, հումանիտար և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։

«Մենք պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցում»,- հավելեց Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել