Այս դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն․ Փաշինյանը ամփոփեց Պարեկային ոստիկանության աշխատանքը
12:02 - 20 հունվարի, 2022

Այս դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն․ Փաշինյանը ամփոփեց Պարեկային ոստիկանության աշխատանքը

2018 թ․-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը, և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել ենք 2018 թ․-ին,  եղել է Պարեկային ոստիկանության հիմնադրումը։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այդ պրոցեսը բավականին դժվար է ընթացել հայտնի պատճառներով․ «2019 թ․-ին այն ամբողջությամբ պլանավորված էր, հետո վրա հասավ COVID-ի համավարակը, հետո վրա հասավ պատերազմը և հետո՝ ներքաղաքական ճգնաժամ։ Մենք շատ բարդ պայմաններում 2021 թ․-ի հուլիսին որոշում կայացրինք մեկնարկել գործընթացը՝ չնայած այդ պահին գործընթացը դեռ լիարժեք մեկնարկային վիճակում չէր։ Եվ արդեն շուրջ 6 ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանություն, և բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք  ՀՀ ոստիկանության պետի հետ աշխատանքային վերջին հանդիպման ժամանակի ամփոփել ենք պարեկային ոստիկանության աշխատանքի միջանկյալ արդյունքները, և ես կարծում եմ, որ այդ արդյունքները արժանի են հրապարակման, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է  տեղի ունեցել»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ պարեկային ոստիկանության աշխատանքը համեմատել են Ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ՝ համեմատելով, թե աշխատանքի արդյունավետության և իրավախախտումներ արձանագրման գծով ինչ արդյունքներ կան․ «Մասնավորապես, օրինակ,  տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ, նախորդ համեմատելի ժամանակաշրջանում այսպիսի 565 արձանագրություն է պաշտոնապես կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից 1917, աճը՝ 3.5 անգամ կամ 239%-ով, հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ․ նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից նույն ժամանակահատվածում 953 արձանագրություն, Պարեկային ոստիկանության կողմից 3435, աճը 3.5 անգամ կամ 260%-ով, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու համար կազմված արձանագրություններ, նախկինում 2 այսպիսի արձանագրություն է եղել Պարեկային ոստիկանության կողմից՝ 15, աճը 7 անգամ կամ 650%-ով»։

Առանց վարորդական վկայականի համար նախկին նույն ժամանակահատվածում արձանագրվել է 924 դեպ, Պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք․ «Երկրորդ շարքում կայանելու համար կազմված արձանագրություններ․ նախկինում 1839 արձանագրված դեպք, Պարեկային ոստիկանության կողմից 8716, աճը՝ 4.5 անգամ կամ 370%, մայթով երթևեկելու կամ մայթում կայանելու համար, նախկինում 60 դեպք է արձանագրվել, նույն ժամանակահատվածում Պարեկային ոստիկանության կողմից 571 նման դեպք, աճը՝ 9.5 անգամ կամ 851%-ով։ Պարտադիր ապահովագրական պայմանագիր չունենալու համար կազմված արձանագրություններ, նախկինում 614 այդպիսի արձանագրություն է եղել, Պարեկային ոստիկանության կողմից 5476, աճը՝ 9 անգամ, կամ 791%-ով։ Թաղանթապատ հողմապակիով երթևեկելու համար կազմված արձանագրություններ, նախկինում ՝ 627, ներկայումս 3085, աճը՝ 5 անգամ, կամ 392%-ով»։

Փաշինյանն ճանապարհային երթևեկության հետ կապված ևս մի ցուցանիշ կարևորեց․ «Առանց ամրագոտի երթևեկելու համար նախկինում նույն ժամանակահատվածում 504 արձանագրություն է կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից՝ 854, աճը՝ 69%: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը տվյալ դեպքում, Ճանապարհային ոստիկանությունն էլ, ի դեպ, ոչ միայն զուտ երթևեկության կանոնների հետևելու գործառույթ ունի, այլև նաև ընդհանուր իրավակարգի պահպանման հետ կապված։ Օրինակ, հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում նման ծառայությունների կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, Պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ հանցագործություն կատարելու կասկածանքով, վարչական իրավախախտում կատարելու համար այլ երթևեկության կանոնների հետ չկապված վարչական իրավախախտումներ՝ նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 189 արձանագրություն»։

Վարչապետի խոսքով՝ Ճանապարհային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, Պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ․ «Հաջորդ փաստը, որի մասին ուզում եմ նշել, ոչ սահմանված հետիոտնի անցնելու համար կազմված արձանագրություններ, նախկինում 0, նախորդ տարի կազմվել է 3267 արձանագրություն»։

Փաշինյանը նաև ասաց, որ այս դրական արձագանքը այն մասին չէ, որ քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել,  այլ դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել