Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն այսուհետ կիրականացնեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչները
11:46 - 20 հունվարի, 2022

Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն այսուհետ կիրականացնեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչները

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվեց ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող Քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական դատավարության նոր օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից։ Այս առիթով մշակվել էր «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայության կանոնները, որի 3-րդ մասի համաձայն՝ «Նախաքննությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»:
Համանման կարգավորում է նախատեսում նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին:
Առկա կարգավորումների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից:

Արդարադատության նախարարությունը նշել է, որ խոշտանգումների դեպքերով քրեական գործի քննությունն իրականացնող կոնկրետ մարմինը սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել, ի թիվս այլնի, այդ մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության հանգամանքով:
Ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման և Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հանգամանքով պայմանավորված քննարկվող գործերի քննությունը հանձնվել է ազգային անվտանգության մարմիններին: 
Ըստ նախարարության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է վարչապետին, այն չի համապատասխանում անկախության այն չափանիշներին, որոնք պետք է հաշվի առնել խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննչական ենթակայությունը սահմանելիս: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննական մարմիններն են քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինները:
«Հաշվի առնելով այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է միայն կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննությունը, պետական եկամուտների կոմիտեն իր կարգավիճակով և գործառույթներով պայմանավորված չի կարող իրականացնել խոշտանգումների գործերով քննությունը, առավել նպատակահարմար է սահմանել, որ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն իրականացնի ՀՀ քննչական կոմիտեն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: 

Նախարարությունը վերանայվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածների (վերաբերում են ընտրական հանցագործություններին,-խմբ․) քննության ենթակայության հարցը․ ներկայում նշված գործերի քննությունը իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական հանցագործությունների պարագայում ևս վարույթ իրականացնող մարմնի անկախությունը առանձնակի նշանակություն է ստանում, խնդրահարույց է դրանցով նախաքննություն իրականացնելու լիազորությունը գործադիր իշխանությանը ենթակա մարմնին, այն է՝ ազգային անվտանգության ծառայությանը վերապահելը: Ուստի, նշված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու լիազորությունը ևս նպատակահարմար է վերապահել ՀՀ քննչական կոմիտեին»,- առաջարկել է նախարարությունը:

Առաջարկվող փոփոխություններով նույնական լուծումներ են տրվում նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:

Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը։

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել