Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է
15:21 - 20 հունվարի, 2022

Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հունվարի 17-ի նիստում ԱԺ ամբիոնից ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված պատասխան նամակից մի հատված․ «Հարգելի՛ վարչապետ, ես ստացել եմ ձեր նամակը․ որպես երկու հարևաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու։ Ահա թե ինչու առաջին օրվանից ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»։

Այնուհետև Վահագն Ալեքսանյանը հորդորեց գտնել այս նամակի մասին մինչև 2011 թվականի օգոստոսը հրապարակված գոնե մի հոդված՝ տպավորություն ստեղծելով, որ այն գաղտնի է պահվել․

«Սա, տիկնայք և պարոնայք, հատված է Ռոբերտ Քոչարյանի 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Էրդողանին գրված նամակից։ Խնդրում եմ՝ անցեք արխիվներով, բոլոր լրատվականների արխիվներով, փորձեք գտնել գոնե մի հոդված կամ հրապարակում այդ մասին մինչև 2011 թվականի օգոստոսը, երբ Ժուլիան Ասանժի «Wikileaks»  կայքը հրապարակեց սա։ Ի՞նչ գիտեր այս մասին հայ հանրությունը, ու կամ ի՞նչ էր անում այդ ժամանակ նորից խորհրդարանական խմբակցություն Դաշնակցությունը»։

Մենք փորձեցինք պարզել՝ արդյո՞ք այս նամակի մասին հանրությունն առաջին անգամ իմացել է 2011 թվականին։ 

«Մեդիամաքս» լրատվական գործակալությունը 2011 թ․-ին՝  «Wikileaks»-ի հրապարակումից հետո գրել էր, որ դեռևս 2005 թվականին «Մեդիամաքս»-ը հրապարակել է Քոչարյանի նամակը, որը բացառիկության կարգով գործակալությանն է տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Ռոբերտ Քոչարյանի նամակը 2005 թվականի ապրիլին հրապարակել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Panarmenian.net» կայքը, իսկ «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում հոդված է հրապարակվել, որում Ռոբերտ Քոչարյանի նամակի վերաբերյալ մեկնաբանություններ են տալիս խորհրդարանի պատգամավորները։  2021 թվականին «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը» հրապարակում է արել, որում ներկայացվում է Քոչարյանի պատասխան նամակը Էրդողանին. այն, ըստ «Անի» կենտրոնի, հրապարակվել է «Ազգ» օրաթերում 2005 թվականի ապրիլի 27-ին։ «Ալիք» օրաթերթը նույնպես իր 2005 թվականի ապրիլի 28-ի համարում հրապարակել է Քոչարյանի նամակը։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային գրադարանի արխիվից։ 

«Ալիք» օրաթերթի 2005 թ․-ի ապրիլի 28-ի համարը 

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը սխալվում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը հենց 2005 թվականին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում և հանրությունը հնարավորություն ուներ տեղեկանալու նշյալ նամակի մասին։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել