Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով․ Մամիջանյան
17:24 - 18 հունվարի, 2022

Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով․ Մամիջանյան

Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, այդ թվում՝ Էրդողանի խոսքերից մեզ պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով։ Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական երկխոսության գործընթացին։

««Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից Հանրապետական կուսակցության առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը։ Եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմիցս հայտնել է, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ հստակ, պարզ, Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, այդ թվում՝ Էրդողանի խոսքերից մեզ պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով»։

Մամիջանյանի խոսքով՝ հայ-թուրքական երկխոսության գործընթացը չի կարող լինել հայ ժողովրդի մեջքի հետևում․ «Որովհետև ընթացիկ յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ մենք տեղեկացել ենք հիմնականում Չավուշօղլուից, իսկ հետո արդեն՝ մեր ԱԳՆ-ից։ Իսկ Ստոկհոլմում մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ այդպես էլ տեղեկություն չտարածվեց։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ իրենք յուրաքանչյուր քայլը խորհրդակցում և համաձայնեցնում են Ադրբեջանի հետ»։

Պատգամավորն ընդգծեց, որ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի վնաս կամ ի հաշիվ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի․ «Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ՝ արհամարհելով Սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով Սփյուռքի հետ։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ, լռելյայն կուլ տալով այն բոլոր վայրագությունները ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու։ Թուրքիայի փոխնախագահը իրենց խորհրդարանում բյուջեի ներկայացման ժամանակ նշել է, որ թուրքական հատուկ ծառայությունները մասնակցել են 44-օրյա պատերազմին, որը նախորդում է այս գործընթացին,  և որին հայկական կողմը տվել է զրո արձագանք, զրո»։

Ըստ նրա՝ գործընթացը չի կարող տեղի ունենալ նաև  ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության  բանակցությունների․ «Հիշեցնեմ, որ Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի կողմից տարածվեց հայտարարություն, որի անդամ է նաև Թուրքիան, որտեղ կարևորվում է ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան անմիջական մասնակից էր։ Այս գործընթացը անտրամաբանական է սկսել ենթադրաբար հեռացող նախագահի օրոք, որովհետև հաջորդ տարին Թուրքիայում ընտրական տարի է, և Էրդողանի վերընտրվելու շանսերը շատ ցածր են, և Էրդողանը համարվում է պանթյուրքիստական նկրտումներով ղեկավար»։

Եզրափակելով ելույթը՝ Մամիջանյանն ասաց՝ գործընթացը չի կարող տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի օրոք․ «Մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա՛ էլ կստորագրի»,-նշեց պատգամավորը։

Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել