Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը ՄԽ համանախագահներին. ԵԱՀԿ նախագահությունը՝ Ալիևի հայտարարության առնչությամբ |armenpress.am|
13:48 - 18 հունվարի, 2022

Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը ՄԽ համանախագահներին. ԵԱՀԿ նախագահությունը՝ Ալիևի հայտարարության առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ հարցմանն ի պատասխան:

«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», - պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել