Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը |azatutyun.am|
12:42 - 18 հունվարի, 2022

Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Այս մասին  հայտնեցին դատախազությունից՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Գասպարյանը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա գեներալ-լեյտենանտն, ըստ իրավապահների, 2000-2018-ի ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, կոռուպցիոն բնույթի այլ արարքներ։

Այս գործողությունների արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, և դրանց ծագումը թաքցնելու համար գրանցել է այլ անձանց անուններով, պնդում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որը գործի նախաքննության ավարտի մասին հաղորդեց 5 օր առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել