ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը |hetq.am|
12:09 - 18 հունվարի, 2022

ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Նա տնտեսագիտության մագիստրոս է, 2020-ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է, 2002-2008 թվականներին աշխատել է ԿԲ-ում, 2008-ից 2020-ը աշխատել է «Ամերիաբանկում»:

Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ 2020 թվականի երկրորդ կեսը Հայաստանի ու Արցախի համար ծանր է եղել, քանի որ պատերազմ էր ու կորոնավիրուսի համավարակ:

«Ներքին ու արտաքին անկայունության տարրերը պահպանվեցին մինչև 2021 թվականի կեսը. 2021 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ դրանց գումարվեց համաշխարհային տնտեսությունում արձանագրված աննախադեպ բարձր գնաճը: Էական աճ գրանցվեց հատկապես էներգակիրների ու պարենային ապրանքների գծով»,-ասաց նա:

Նրա խոսքով`այս պահին գնաճն ԱՄՆ-ում հասել է 6,8, եվրագոտում՝ 5, ՌԴ-ում՝ 8,4 տոկոսի:

«Հայաստանում ևս առաջացան որոշակի ռիսկեր գների ու ֆինանսական կայունության տեսանկյունից: Համավարակի տարածման սկզբնական շրջանում Կենտրոնական բանկը թուլացրեց դրամավարկային պայմանները՝ տոկոսադրույքն իջեցնելով 1,25 տոկոսային կետով ու ապահովեց անսահմանափակ իրացվելիություն՝ կրճատված պահանջարկը վերականգնելու նպատակով»,-ասաց Խաչատրյանը:

Նրա ներկայացմամբ` պատերազմի ընթացքում դրսևորվել է ավանդների որոշակի արտահոսք՝ շուրջ 6,4 տոկոս, չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճ՝ 7,5 տոկոս ու վարկավորման տեմպերի որոշակի նվազում: «Դրա հետևանքով տնտեսական պոտենցիալի անկումը գրանցվեց 1,1 տոկոս տարեկան կտրվածքով, ֆինանսական շուկաներում ավելացավ տատանողականությունը. ԿԲ-ն առաջիններից մեկն էր աշխահում, որ կտրուկ քայլերով դուրս եկավ խթանող քաղաքականության ռեժիմից. տոկոսադրույքի կուտակային բարձրացումը կազմեց 3,5 տոկոս»,-նշեց Խաչատրյանը:

Նշենք, որ ԿԲ նախագահի տեղակալի ընտրությունը կայանալու է փակ-գաղտնի ընթացակարգով, պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայների քվեարկությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել