Քննարկվում է նախագիծ՝ կրթության ավարտական վկայականները և ատեստատները թվային դարձնելու վերաբերյալ
19:56 - 17 հունվարի, 2022

Քննարկվում է նախագիծ՝ կրթության ավարտական վկայականները և ատեստատները թվային դարձնելու վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին նոր նախագիծ: Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Նախագծի ընդունման դեպքում պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: Նախագծով առաջարկվում է հաստատել համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի թվայնացված ձևերը, որոնք կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգում և հասանելի կլինեն www.e-verify.am կայքում: Կրթության թվայնացված ավարտական փաստաթղթերը կունենան անհատական QR-կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ստուգել փաստաթղթերի վավերականությունը և իսկությունը: Ըստ նախագծի` հնարավոր կլինի ներբեռնել ավարտական փաստաթուղթը և անհրաժեշտության դեպքում նաև թղթային տարբերակով տպել:

Ավարտական փաստաթղթերի թվայնացումը նպատակ ունի կրճատելու հանրակրթության ոլորտի վարչարարությունը` նպաստելով թվային գործիքների զարգացմանը և ռեսուրսների խնայողությանը:

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2022 թվականի հունվարի 29-ը: Մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կառույցներն ու կազմակերպություններն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել