ՀՀ պատմության մեջ Թուրքիայի հետ բանակցություններ տեղի են ունեցել բոլոր նախագահների օրոք․ Ռուբեն Ռուբինյան
11:41 - 17 հունվարի, 2022

ՀՀ պատմության մեջ Թուրքիայի հետ բանակցություններ տեղի են ունեցել բոլոր նախագահների օրոք․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ-ի հատուկ ներկայացուցիր Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ հունվարի 14-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հանդիպման վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցադրումներին։

«Նախ հատուկ բանագնաց չի, հատուկ ներկայացուցիչ է։ Այս գործընթացում Թուրքիան և Հայաստանը գործուղել են հատուկ ներկայացուցիչների։ Հաջորդը՝ հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ, գործառույթ է, այսինքն՝ ես չեմ նշանակվել որևէիցե պաշտոնի, ես ինչպես ԱԺ փոխնախագահ հանդիսանում էի, այդպես էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գորածռույթը, որը ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է ՀՀ արտգործնախարարության հայտարարությամբ։ Ի՞նչ խնդիր կա այստեղ, չեմ հասկանում։ Հաջորդը․ ասում եք՝ ինչո՞ւ է բյուջեով մեկնել, բա ինչո՞վ պետք է մեկնեի, այսինքն՝ պետք է ծրարով փող ստանայի, տոմս առնեի, գնայի։ Հարցնում եք՝ ինչու եմ Ազգային ժողովի բյուջով մեկնել։ Ազգային ժողովը առանձին կառույց է, որը պետության հետ կապ չունի՞»։

Ռուբինյանը հավելեց, որ ԱԺ-ն լիազորություն ունի ցանկացած պատգամավորի գործուղել որևէ վայր, և դրա համար կան համապատասխան ընթացակարգեր։ Ռուբինյանը անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Թուրքիայի հատուկ  ներկայացուցչի մեքենան դրոշով եղել․ «Հաջորդը՝ ասում եք՝ ինչո՞ւ է մեքենան դրոշով եղել։ Մեր քննարկումների մակարդակը․․․պատասխանեմ, որովհետև մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում նաև երկու հատուկ ներկայացուցիչները ունեցել են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախար Ռուդենկոյի հետ, և որին, որքանով ես եմ տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ, և այդ մեքենան Թուրքիայի դրոշով, որ դուք տեսել եք, ամենայն հավանականությամբ Թուրքիայի դեսպանի մեքենան է։ Ասում եք՝ ինչպե՞ս են պայմանավորվել հատուկ ներկայացուցիչներ նշանակել։ Սիրելի բարեկամներ, ձեր խմբակցության մեծ մասը փորձառու մարդիկ եք, փորձառու լրագրողներ կան ձեր մեջ, դիվանագիտության հետ առնչվող մարդիկ կան ձեր մեջ, պաշտոններ զբաղեցնող անձինք կան, պարզ է, չէ՞, ինչպես են գործընթացները ընթանում, ամեն ինչ հրապարակայնորեն է եղել, ես հենց նոր ամբիոնից մեջբերեցի մեր արտգործնախարարության հայտարարությունը, ՌԴ արտգործնախարության ներկայացուցչի հայտարարությունը, և որ ասում եք՝ ամեն ինչ իմանում ենք Թուրքիայից․․․ չի եղել մինչ այս պահը մի իրադարձություն, որի մասին մեր համապատասխան գերատեսչությունը, այս համատեքստում՝ արտգործնախարարությունը, չի տեղեկացրել»։

Ռուբինյանի խոսքով՝ ՀՀ պատմության մեջ Թուրքիայի հետ բանակցություններ տեղի են ունեցել բոլոր նախագահների օրոք․ «Ընդ որում՝ տարբեր ֆորմատների, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք։ Եվ ի՞նչ եք կարծում՝ այդ բանակցույթունների քանի՞ տոկոսն է եղել գաղտնի, և քանիսն է եղել բաց։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց։ Օրինակ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, սիրելի գործընկերներ, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ըստ ձեզ այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրո՞ք։ Ո՛չ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Հարց, արդյո՞ք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում ՀՀ-ի և Թուրքիայի միջև և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին։ Որովհետև այն, ինչ հիմա դուք անում եք, ներողություն եմ խնդրում, բայց երեսպաշտության տպավորություն է ստեղծում։ Այս գործընթացը վերջին տարիներին, համենայնդեպս՝ այն տարիներին, որոնց ես հետևել եմ, միակ դեպքն է, որ  սկսվում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է»։

Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել