Հանրային վայրերը, որոնցում շուտով  կգործեն սահմանափակումներ, ընտրվել են՝ հաշվի առնելով ռիսկայնությունը և միջազգային փորձը․ Ռոմելլա Աբովյան
12:20 - 13 հունվարի, 2022

Հանրային վայրերը, որոնցում շուտով կգործեն սահմանափակումներ, ընտրվել են՝ հաշվի առնելով ռիսկայնությունը և միջազգային փորձը․ Ռոմելլա Աբովյան

Հունվարի 22-ից հանրային վայրեր մուտքի սահմանափակումները կորոնավիրուսի տարածումը կանխնելուն է միտված։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Ամբողջ աշխարհում, բացի «Դելտա» շտամից, «Օմիկրոն» շտամն է շրջանառվում, որը ավելի մեծ վարակելիություն ունի, քան «Դելտա» շտամը։ Մեր համաճարակային իրավիճակն էլ է ցույց տալիս, որ մենք շատ արագ տեմպերով կարծես թե աճ ենք արձանագրում։ Այս սահմանափակումը շատ տեղին է վարակի շղթան կոտրելու համար այնպիսի վայրերում, որտեղ ցուրտ եղանակին օդափոխանակությունը շատ դժվար է իրականացնել, և չի բացառվում, որ անվտանգության կանոնները, սոցիալական հեռավորությունը չի գործում։ Գոնե այդտեղ մուտք կգործեն պատվաստված անձինք կամ թեստի բացասական արդյունքով անձինք։ Մենք այդ կազմակերպություններում  կնվազեցնենք վարակի տարածման ռիսկը»։

Ըստ մասնագետի՝ հանրային վայրերը, որոնցում առաջիկայում գործելու են սահամանափակումները, ընտրվել են՝ ուսուսմնասիրելով միջազգային փորձը և հաշվի առնելով ռիսկայնությունը․ «Առավել ռիսկային կազմակերպություններն են ընտրվել, որտեղ ավելի շատ կուտակումներ են լինում, և շատ ավելի երկար ժամանակ են անցկացնում այդ ժամանցի վայրերում»։

Դիտարկմանը, որ ոչ բոլոր հանրային վայրերն են ընտրվել (օրինակ, խաղատները չեն ներառվել ԱՆ-ի սահմանած ցանկում), Աբովյանն ասաց․ «Գրադարաններ, թանգարաններ, ռեստորաններ ավելի շատ մարդիկ են հաճախում, և այս փուլով ընտրվել են այդ կազմակերպությունները»։

Ըստ Աբովյանի՝ թեստավորման կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պարտադիր պահանջը հնարավոր է՝ գործի նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում․ «Առաջին փուլով որոշվեց հոկտեմբերի 1-ից միայն տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների աշխատողների համար սահմանել, բայց ուսանողների վերաբերյալ քննարկվել են և քննարկման փուլում են, դեռևս կայացված որոշում չկա։ Մենք այս գործընթացը փուլային ենք իրականացրել, չի բացառվում, որ այդ հարցը կարող է նորից քննարկվել»։

Նա նշեց, սակայն, որ բուհերում նմանատիպ սահմանափակումներ մտցնելու շուրջ հստակ ժամկետներ չկան․ «Այդ ամենը կախված է համաճարակային իրավիճակից, նաև միջազգային փորձի ուսումնասիրությունից, թե ուր կգնանք մենք։ Նոր շտամ ունենք, նոր շտամի տեմպերի տարածման հետ կապված ամեն ինչ հնարավոր է»։

Հանրային վայրեր մուտքի սահմանափակումները, ըստ Ռոմելլա Աբովյանի, վերահսկելու են տեսչական մարմինները՝ յուրաքանչյուրը իր լիազորությունների շրջանակում։

Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի նոր հրամանը, որի համաձայն հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Նշված պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, նախկինում COVID-19-ով հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։

 

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել