2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան
09:51 - 11 հունվարի, 2022

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտե­սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այս մասին հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական ու շոշափելի արդյունքներ է գրանցում։ Մասնավորապես, 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել բնակավայրերի փողոցների կառուցմանը, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նորոգմանը, փողոցային լուսավորության կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանն ու մանկապարտեզների կառուցմանը։ Վերջինի առումով, կարևորելով Կառավարության որդեգրած քաղաքականությունը, առաջարկվել է բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը՝ մինչև 80 տոկոս:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2021 թվականին Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած, սակայն չիրականացված մի շարք ծրագրերը 2022 թվականին իրականացնելու հարցին, ինչպես նաև առաջարկվել է սահմաներձ բնակավայրերում պետական բյուջեի համաֆինանսավորման չափերն առանձին սահմանել և, ըստ այդմ՝ հստակեցնել ոլորտային առաջնահերթություններն ու բյուջեից համաֆինանսավորման չափերը։

Փոխվարչապետ Մաթևոսյանը հանձնարարել է յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում՝ ի հայտ եկած խնդիրները բացահայտելու ու դրանց լուծում տալու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել