Մակրոնը հայտնել է չպատվաստվածների կյանքը բարդացնելու մասին 
 |1lurer.am|
18:48 - 05 հունվարի, 2022

Մակրոնը հայտնել է չպատվաստվածների կյանքը բարդացնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայում աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, միևնույն ժամանակ ուժեղանում է քաղաքական լարվածությունը պատվաստման անցագիր ներմուծելու նախագծի շուրջ: Փաստաթուղթն անհնար կդարձնի չպատվաստվածների տեղաշարժը՝ կարգելվի մասնակցել հասարակական կյանքին՝ կոլեկտիվ միջոցառումներին, սեմինարներին, կոնֆերանսներին, գնալ կինոթատրոն կամ ճանապարհորդել գնացքով՝ գրում է BBC-ն:

Նախագիծը խորհրդարան ներկայացնելով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրականացնում է իր սպառնալիքը՝ լրջորեն բարդացնել երկրի այն բնակիչների կյանքը, որոնք չեն ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, իսկ չպատվաստվածների թիվը 5 միլիոն է:

«Ես ցանկանում եմ նյարդայնացնել չպատվաստվածներին: Ես նրանց բանտ չեմ ուղարկի,- ասել է նախագահը,- փոխարենը կասենք, որ հունվարի 15-ից չեք կարող ռեստորան հաճախել, չեք կարողանա սուրճ խմել, թատրոն, կինո գնալ»։

Ֆրանսիայի նախագահի արտահայտությունը՝ «emmerder» (նյարդայնացնել-խմբ.), կարելի է մեկնաբանել նաև ոչ նորմատիվային արտահայտություն: Էմանուել Մակրոնի հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել, դրանից հետո նրա քաղաքական հակառակորդները խիստ քննադատել են հանրապետության ղեկավարին այդ արտահայտության համար:

Խորհրդարանում քննարկումն այս օրինագծի շուրջ, որը գործնականում արգելում է չպատվաստված անձանց մասնակցել հասարակական կյանքին, շարունակվել է ամբողջ երեկո և կասեցվել է կեսգիշերից հետո։ Ներկա պատգամավորների մեծ մասը քվեարկել է քննարկումը հետաձգելու օգտին՝ վտանգելով տեքստի վերջնական ընդունման ժամանակացույցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել