Պուտինն ու Բայդենը քննարկել են Եվրոպայում լարվածության թուլացումը և սպասվող բանակցությունները |1lurer.am|
11:43 - 31 դեկտեմբերի, 2021

Պուտինն ու Բայդենը քննարկել են Եվրոպայում լարվածության թուլացումը և սպասվող բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցի առանցքային հարցերը եղել են «Ռուսաստանի անվտանգության ապահովման իրավական երաշխիքների տրամադրման վերաբերյալ սպասվող բանակցությունները»:

«ՌԴ նախագահն ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքը պետք է դառնան ամուր իրավական երաշխիքները, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և սպառնալիք ներկայացնող սպառազինության տեղակայումը ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահները պատրաստակամություն են հայտնել «նշված հարցերի ուղղությամբ լուրջ և բովանդակալից երկխոսություն ծավալել», շուտափույթ հասնել հստակ արդյունքների:

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի տարածքում հարվածային հարձակողական զինատեսակներ տեղակայելու մտադրություն չունի: Հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Պուտինը նշել է, որ դա «լրջագույն սխալ կլինի, որը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների լիակատար խզմանը»։

Վերահաստատվել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ռուսաստանի բանակցությունները տեղի կունենան հունվարի 9-10-ը Ժնևում, ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին Բրյուսելում, ԵԱՀԿ-ի հետ՝ հունվարի 13-ին (Վիեննայում):

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակին նույնպես հանդես է եկել հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարությամբ:

«Նախագահ Բայդենը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածությունը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա»,- ասել է Սակին։

Նրա խոսքով՝ Բայդենն աջակցություն է հայտնել հունվարին Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններին: ԱՄՆ նախագահը հաստատել է, որ «սպասվող երկխոսություններում էական առաջընթաց կարող է լինել միայն ապաէսկալացման, այլ ոչ թե էսկալացիայի պայմաններում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել