Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ․ Երևանի քաղաքապետի ամանորյա ուղերձը
10:35 - 31 դեկտեմբերի, 2021

Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ․ Երևանի քաղաքապետի ամանորյա ուղերձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի երևանցիներ,

ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ամանորը ամենասպասված ու գեղեցիկ տոնն է ամբողջ աշխարհում: Որպես նաև ընտանեկան տոն՝ այն յուրահատուկ ջերմությամբ է նշվում հայկական օջախներում: 

Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինծառայողներին, ուզում եմ, որ Ձեր ընտանիքներում թևածի տոնական մթնոլորտը: Առողջություն և բոլոր նվիրական երազանքների իրականացում: 

Որպես հետպատերազմյան տարի՝ 2021 թվականը, ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ մայրաքաղաք Երևանի համար լի էր մարտահրավերներով ու դժվարություններով: Այդուհանդերձ, ցանկանում եմ հատկանշել, որ տարեկան ծրագրերով մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարվել են: Քաղաքային տնտեսությունը անընդհատ զարգացող օրգանիզմ է, և մեզանից մեծ նվիրում ու  ջանքեր են պահանջվում՝ Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար: 

Ուզում եմ նաև վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կանի հնարավոր առավելագույնը, որպեսզի ձեզ հետ միասին կարողանանք կյանքի կոչել նաև 2022-թ.-ի մեր նախանշած ծրագրերը: Քաղաքի առջև ծառացած խնդիրները ինստիտուցիոնալ, նորարարական  և հիմնավոր լուծումների կարիք ունեն: Մեր գործելակերպի հիմքում  լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների, այդ թվում՝ Երևանի ավագանու հետ: 

Սիրելի՛ երևանցիներ, քաղաքամայր Երևանի կառավարման գործում ակնկալում եմ նաև ձեր ակտիվ դերակատարումը: Մենք պատրաստ ենք լսել ձեր խորհուրդներն ու դիտարկել առաջարկները՝ ի բարօրություն մեր հրաշալի ու հինավուրց մայրաքաղաքի:  
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ և սիրով միանում Ձեր ընտանիքներում հնչող տոնական բարեմաղթանքներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել