Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի երկարաձգվի․Էկոնոմիկայի նախարարություն
21:47 - 30 դեկտեմբերի, 2021

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չի երկարաձգվի․Էկոնոմիկայի նախարարություն

Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։ Այս մասին հատնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 
 
 «Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։
 
Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։
 
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ»,-ասված է հայտարարության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել