Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով |1lurer.am|
13:52 - 30 դեկտեմբերի, 2021

Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով |1lurer.am|

1lurer.am: Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր (ոչ կենսաչափական՝ հին նմուշի) կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով: Որոշման նախագիծն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:

«Նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ստացած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի ներկայումս գործող կարգի համաձայն, այն է՝ 10 տարի վավերականության ժամկետով: Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը շրջանառությունից հնարավորինս կարճ ժամանակահատվածում դուրս բերելը»,- ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 

Ֆիդանյանի խոսքով՝ արդեն իսկ մեկնարկել են կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի նոր, առավել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ առանց այս նորամուծության հնարավոր չէ երկրում իրականացնել թվայնացում: Վարչապետն արձանագրեց, որ այսօր Հայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է:

«Օրինակ՝ այն անձնագիրը, որ այսօր ՀՀ քաղաքացիներն օգտագործում են, ժամանակակից աշխարհում վաղուց չեն օգտագործվում: Այստեղ մի քանի շերտեր կան՝ սկսած քաղաքականից: Մենք երկար ժամանակ խոսում ենք, որ այնպիսի համակարգ ունենք, որ ի բնե ընտրությունների կեղծման որևէ մեխանիզմ, եթե իշխանությունը շատ ուզենա կեղծել, գոյություն չունենա: Դա ընտրություններին մեկ միասնական փաստաթուղթ ունենալն է՝ նույնականացման քարտը, որի քվեարկությունն արձանագրվում է, ցանցն օնլայն միացած է ամբողջ Հանրապետությունում: Այսօր մենք ընտրություններում 4 փաստաթուղթ ունենք, որով կարելի է քվեարկել»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել