Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն․ Արտակ Բեգլարյան
12:39 - 30 դեկտեմբերի, 2021

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն․ Արտակ Բեգլարյան

Ամանորն ու Սուրբ Ծնունդը լավագույն առիթներն են՝ վերարժևորելու մեր կյանքի իմաստը և ավելի շատ բարի գործեր կատարելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատերդ գիտեք, որ բացի հանրային ծառայությունից ու պետական գործունեությունից՝ փորձում եմ հնարավորինս իրականացնել նաև հասարակական արժեքավոր գործունեություն: Մասնավորապես, այս տարի Արմոս Մարտիրոսյանի ու այլ ընկերների հետ համատեղ հիմնել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ ՀՀ-ում ու Արցախում կյանքի համար պայքարող երեխաներին աջակցելու նպատակով:

Հիմնադրման պահից՝ հունիսի 1-ից սկսած, HFC Armenia հիմնադրամը հասցրել է օգնություն տրամադրել 1118 երեխայի, որից 38 երեխայի դեպքում իրականացվել են բուժման համար անհրաժեշտ հետազոտություններ, կատարվել վիրահատություններ, տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք, 1080 երեխայի դեպքում տարբեր բուժհաստատությունների տրամադրվել են անհրաժեշտ տեսակի թեստեր:
 
Այս կարճ ժամանակահատվածում HFC Armenia հիմնադրամը ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն, և տրամադրել 194 904 554 դրամի աջակցություն կյանքի համար պայքարող երեխաներին. շուրջ 18 000 բարերարների շնորհիվ առողջական ծանր խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ հնարավորություն ստացան ապրելու: Կարծում եմ` նորաստեղծ հիմնադրամի համար բավականին լավ ցուցանիշներ են: Հիմնադրամի գործունեության մանրամասն հաշվետվությունը կներկայացնենք 2022 թ. հունվար ամսին։
 
Մեծագույն շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին. ձեր շնորհիվ անհնարը դարձավ հնարավոր բազմաթիվ երեխաների համար:
 
2022 թ. HFC Armenia հիմնադրամի շրջանակներում նախատեսել ենք բազմապատկել օգնության ծավալները, զգալի ներդրում կատարել առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործում: Այս ուղղությամբ արդեն իսկ մշակել ենք մի շարք ծրագրեր, ներգրավել ֆինանսական միջոցներ, որոնց վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք հաջորդ տարվա սկզբում:
 
Այսքանից հետո, եթե ցանկություն առաջացավ օգնել HFC Armenia հիմնադրամի առաքելությանը, կարող եք ամսական պարբերականությամբ կամ միանվագ նվիրատվություններ կատարել https://hfc.am/#donate-container կայքի օգնությամբ, որի համար անչափ շնորհակալ կլինենք:
 
Համամիտ չե՞ք, որ կյանք պարգևելն ու ծառայությունը մարդկանց, հատկապես՝ երեխաներին, բացառիկ հնարավորություններ են սեփական կյանքդ իմաստալից դարձնելու:
Առողջություն ու իմաստալից կյանք բոլորիդ:
 
Լուսանկարում 2 տարեկան Ադամն է, որը վերջերս մեր հիմնադրամի աջակցությամբ ոսկրածուծի փոխպատվաստում է անցել Պետերբուրգում»,- գրել է Արցախի պետնախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արտակ Բեգլարյանն ընտրվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել