Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան
17:18 - 29 դեկտեմբերի, 2021

Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: Քաղաքապետն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է երկուստեք փոխգործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

ՉԺՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ նկատել է, որ առողջ և կայուն կերպով զարգացող երկուստեք հարաբերությունները նոր նախաձեռնությունների լավ հնարավորություն են:

«Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի երկարատև, որպեսզի մենք ավելի շատ տեխնիկա, այս դեպքում ավտոբուսներ բերենք Երևան: Այս ավտոբուսները շահագործվում են նաև Չինաստանում, որևէ տարբերություն չկա թե՛ գունային առումով, թե՛ կառավարման տեսանկյունից, կարծում եմ՝ շատ հարմար են: Համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը հայտնեցի պարոն քաղաքապետին, որպեսզի հետագայում նոր տեխնիկա կարողանանք բերել Հայաստան, Երևան, որպեսզի բնակիչների կյանքն ավելի հեշտացնենք և հարմարավետ դարձնենք»,- նշել է դեսպանը:

Դեսպան Ֆան Յոնգին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ցուցաբերվելու է համալիր մոտեցում:

«Երթևեկության կազմակերպումը, լուսացույցների սպասարկումը, որպես պատվիրակված լիազորություն, անցնելու է Երևան համայնքին, այս պահի դրությամբ քննարկում ենք որպեսզի նաև խելացի լուսացույցներ ունենանք Երևանում: Միայն ավտոբուսների ձեռքբերմամբ հնարավոր չէ տրանսպորտի հարցը լուծել մայրաքաղաքում, և այդ համատեքստում մենք ունենալու ենք նաև կառավարման կենտրոն, որը հնարավորություն է տալու ժամանակակից միջոցներով վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի նկատմամբ, որպեսզի ավելի մատչելի և հասանելի դարձնենք քաղաքացիների սպասարկումն ու կարողանանք որակյալ ծառայություններ մատուցել»,-նշել է քաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել