Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություններ ունի «3+2» ձևաչափի առաջին հանդիպումից
22:57 - 24 դեկտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություններ ունի «3+2» ձևաչափի առաջին հանդիպումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային երկրների համագործակցության 3+2 ձևաչափի առաջին հանդիպումը։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում։

«Առաջինը եղել է հիմնադիր հանդիպումը, և շատ ընդհանուր սկզբունքներ են քննարկվել, տեխնիկական, կազմակերպչական հարցեր․ ինչ պարբերականությամբ հանդիպումներ լինեն, հանդիպումները ինչպես կազմակերպել, հարցերի ինչ շրջանակ քննարկվեն։ Այն, ինչ նախկինում հայտարարել ենք, այդ շրջանակն է եղել, և եթե անկեղծ ասեմ, մեր ներկայացուցիչը այն, ինչ մեզ հաղորդել է, ներկայացրել է, զեկուցել է, մենք ընդհանուր առմամբ դրական տպավորություններ ունենք առաջին հանդիպումից, որը չի նշանակում, որ այն ահազանգերը, այն ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում են, դրանք չկան, բայց ընդհանուր առմամբ «3+2» ձևաչափը համապատասխանում է կառավարության ծրագրում մեր ձևակերպած այն դիրքորոշումներին, թե մենք ուզում ենք տարածաշրջանային խոսակցություններին մասնակից լինել։ Մենք ուզում ենք այդ խոսակցությունը տանել։ Եթե մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, եթե մենք հիմա արդեն բանակցելու ենք Թուրքայի հետ, երկկողմ ձևաչափով, Իրանի հետ մեր երկխոսությունը մշտական է, ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, հիմա եթե իրենց հետ առանձին-առանձին բոլորի հետ խոսում ենք, անտրամաբանական կլինի, եթե ասենք, մենք այդ միջավայրում չենք ուզում խոսել»։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ «3+2» ձևաչափում չպետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք արդեն քննարկվում են այլ ձևաչափերում։ Հարցին՝ առաջին հանիպումից կա՞ այդ տպավորությունը, Փաշինյանը դրական պատասխանեց․ «Այո, այդ ըմբռնումը կա։ Եթե հավաքվել են այդ սեղանի շուրջ, ոչ ոք չի ուզենա, որ այդ խոսակցությունը ձախողվի։ Անտրամաբանական կլինի, եթե մենք հավաքվենք ,տանենք այն ուղղությամբ, որ խոսակցությունը ձախողվի։ Եվ այդ ընդհանուր ըմբռնումը կա, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին հանկարծ փորձ չի արվի․ այո, իհարկե, հասկանում ենք, բայց մյուս կողմից էլ ի՞նչ իմաստ ունի այդ ձևաչափը ձևավորել, և հաջորդ պահին այդ ձևաչափը ձախողել։ Կամ եթե տեսնենք, որ այդ ձևաչափը Հայաստանի շահերին չի համապատասխանում, և պրոցեսները գնում են այնպես, որ մեր շահերին հակադրվում են, մենք չենք մասնակցի այդ պրոցեսին, բայց նախնական տպավորությունները դրական են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել