Համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով․ Լևոն Հովհաննիսյան
11:44 - 22 դեկտեմբերի, 2021

Համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով․ Լևոն Հովհաննիսյան

Երեք տարի առաջ, երբ ստանձնեցինք մեր լիազորությունը՝ որպես ավագանու անդամներ, և ընդհանրապես քաղաքային իշխանություն, քաղաքի սեփական եկամուտները այդ ընթացքում աճել են մոտ 12 միլիարդ դրամով։ Քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով գումարված նիստի ընթացքում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ֆինանսավորակյին և տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը։

«Եթե չեմ սխալվում, հիմա նաև այս բյուջեի պատկերի մեջ կա այդ դինամիկան, որ սեփական մուտքերը աճում են, և դա, իհարկե, համայնքի անկախության տեսանկյունից շատ լավ ցուցանիշ է, բայց նաև մենք պետք է որակական առումով հասկանանք, թե ինչու են աճում, և այդ աճման գործընթացի մեջ որքան լումա ենք մենք դրել, որքան է դա մեր անձնական ձեռքբերումը կամ մեր աշխատանքը։

Հիմնականում համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով։ Այսինքն բոլորդ տեղյակ եք, որ մեքենաների բում էր տեղի ունեցել Հայաստանում, գրեթե կարելի է ասել կրկնապատկվել են մեքենաների քանակը այս տարիների ընթացքում, մանավանդ՝ 2019 թ․-ի, 2020 թ․-ի սկզբին շատ մեծ քանակի մեքենաներ են բերել, և մեքենաների մասով գույքահարկի մուտքը կրկնապատկվել է։ Նույնը կարող եմ ասել վերջին օրենքի փոփոխությունից հետո նաև անշարժ գույքի սեփականության մասով, որ այդտեղ էլ մենք ունենք բավականին մեծ մուտքերի աճ, և աճը շարունակական է լինելու»։

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե հանում են այդ երկու գործոնները, սեփական եկամուտների մասով մնում է 2 միլիարդ դրամի աճ․ «Այդտեղ եթե մենք փորձենք մանրանալ, հասկանալ, օրինակ, հողի օտարումների կադաստրային գները բարձրանալու հետևանքով և այլն, ինչ ազդեցություն է ունեցել գործոնները այդ աճի վրա, կարծում եմ, որ էլի կառաջանան հարցեր, բա ի վերջո Երևանի քաղաքապետարանը ի՞նչ ինստիտուցիոնալ փոփոխություններ արեց, որ սեփական եկամուտները աճեց։ Այսինքն՝ այդ գործընթացի ամենամեծ բաժինը, ամենագերակշռող բաժինը կապ չունի մեր գործառույթների հետ, և հենց դա է խնդիրը, որ եկամուտների հավաքագրման մասով ես կարծում եմ, որ որևէ ինստիտուցիոնալ փոփոխություն չի արվել։ Կան ինչ-որ առանձին կետեր, օրինակ Parking city սերվիսի հետ կապված, գիտեմ, որ բաներ կան, որ ավտոմատացվել են, որ հետագայում բավականին լավ և դրական փոփոխություններ է բերելու, բայց այստեղ մենք ունենք այդ հարցերը»։

Հովհաննիսյանը անդրադարձավ նաև համայնքային հիմնարկներին, որոնցում, ըստ նրա, ամենացավոտ խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են․ «Մենք այս ընթացքում ունենք բավականին լուրջ ձեռքբերումներ, ստեղծել ենք երեք համայնքային հիմնարկ՝ աղբահանությունը, կանաչապատումը, շների ստերջացման ՀՈԱԿ-ը, և կարելի է ասել, որ քաղաքը կոլապսի առջև չկանգնեց։ Այդ հիմնարկները, իհարկե, մենք ստեղծել ենք բավականին արագ տարբերակով, որովհետև դա է թելադրում այդ պահին իրավիճակը։ Սակայն համայնքային հիմնարկների մասով ամենացավոտ և խոցելի խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են և հաշվի առնելով, որ նույն Կանաչապատման հիմնարկում ունեցել ենք տնօրենի փոփոխություն, աղբի վերամշակման պրոցեսի հետ կապված կային խնդիրներ՝ հաշվի առնելով, որ աղբահանությունը հիմնարկում հիմա կա խնդիր և այդ ամենի մասին նաև մամուլում են գրում և կան լուրջ կասկածներ, որ այնտեղ կան կասկածելի գործարքներ։ Մենք հասկանում ենք, որ դեռ անելիքներ ունենք այս հիմնարկների կայացման հետ կապված, և իհարկե, պետք է վերահսկողությունը ավելացնենք այդ հիմնարկների և ընդհանրապես քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումների նկատմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել