Առաջացել էր ճգնաժամ՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև․ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց Մարությանին անվստահություն հայտնելու պատճառները
11:01 - 22 դեկտեմբերի, 2021

Առաջացել էր ճգնաժամ՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև․ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց Մարությանին անվստահություն հայտնելու պատճառները

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարագում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը անվստահություն հայտնելու նախագիծը ներկայացնելիս նախ շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ կատարած աշխատանքի համար․ «Մինչև բուն ասելիքին անցնելը ուզում եմ, պարո՛ն Մարության, Ձեզ շնորհակալություն հայտնել այս երեք տարիների ընթացքում ձեր կատարած աշխատանքի համար, Ձեր ծառայության համար Երևանին։ Անշուշտ երեք տարիների ընթացքում բազմաթիվ գործեր են արվել՝ ի նպաստ քաղաքի, բազմաթիվ կարևոր արդյունքներ են գրանցվել, մի քանի կարևոր հիմնարկներ են ստեղծվել ձեր ղեկավարման տարիներին, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից։ Եվ այն նախընտրական խոստումները, որոնք Ձեզ հետ միասին տվել ենք, ինչ-որ չափով իրականացել են, և վստահեցնում եմ, որ առաջիկա երկու տարիներին կշարունակեն իրականանալ»։

Ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Գալջյանը հայտարարեց, որ քաղաքապետի և ավագանու ինստիտուտների միջև չգնաժամ էր առաջացել․ «Անշուշտ մի փոքր ծանր իրավիճակ է, և այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել, բայց կարծում եմ՝ սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետև առաջացել էր իսկապես ճգնաժամ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Ես շատ եմ ուզում, որ մենք այսօր անձնավորված որևիցե ելույթներ չունենանք, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա, այսինքն՝ որևէ անձնային խդնիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել և ես ուզում եմ, որ մենք այսօր այդ շրջանակներում ելույթներ և քննարկումներ ունենանք։ Չնայած մամուլում և հրապարակային ելույթներում նշվում է, որ պարոն Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն է պատճառը դարձել այս պրոցեսի համար, բայց ես ուզում եմ ասել, որ դա ընդամենը առիթ է դարձել, որ այս ճգնաժամը ստեղծվել է»։

Խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ մեկ տարի է՝ այս պայմաններում են աշխատում․ «Այդ աշխատանքը դժվար է ստացվում, բայց այստեղ ամենակարևորը հետևյալն է, որ այդ պատճառով ստեղծված իրավիճակը թույլ չի տա առաջիկա 2 տարիներին արդյունավետ աշխատել և ծառայել Երևանին։ Ինչպես հայտնի է, մենք քաղաքապետի թեկնածու առաջադրել ենք Հրաչյա Սարգսյանին՝ քաղաքապետի առաջին տեղակալին, և պարոն Սարգսյանը այս պահին չի հանդիսանում ՔՊ-ի անդամ։ Սա վկայում է այն մասին, որ կուսակցական խնդիր չի լուծվում այս որոշմամբ, ընդամենը քաղաքի առաջիկա երկու տարիներին արդյունավետ կառավարման հարցն է լուծվում։

Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք պարոն Սարգսյանի գլխավորութամբ շարունակել այն բարեփոխումները, որոնք Դուք եք սկսել, պարոն Մարության, ինչի համար նորից ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել։ Պարոն Սարգսյանը՝ իր երեք տարվա փորձառությամբ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում, հաճախ նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակն է ունեցել, այսինքն՝ երբեմն նաև այդ ծանրությունը իր վրա զգացել է, և կարծում եմ՝ այդ առումով պատրաստ է կրել այն պատասխանատվությունը, որը առաջարկվում է մեր կողմից»։

Գալջյանը անդրադարձավ նաև հարցին, թե ինչու արտահերթ ընտրությունների գնալու որոշում չեն կայացրել․ «Այս մասով ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ արտահերթ ընտրությունների գնալու համար նախ երկու ճանապարհ կա՝ օրենսդրությամբ սահմանված․ առաջինը, երբ քաղաքապետը հրաժարական է ներկայացնում, և ավագանին նոր քաղաքապետ չի ընտրում, իսկ այս պարագայում քաղաքապետը հրաժական չի ներկայացրել, այսինքն՝ արտահերթ ընտրությունների գնալու առաջին սցենարը չի իրականացվել, իսկ երկրորդ սցենարն այն է, որ ավագանին երեք ամիս շարունակ նիստ չգումարի, որպեսզի ավագանին ցրվի, և տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց ես կարծում եմ, որ այդ ճանապարհով արտահերթ ընտրությունների գնալը ի վնաս քաղաքի է լինելու, որովհետև բոլորս հասկանում ենք՝ ինչ է նշանակում, եթե երեք ամիս ավագանու նիստ չլինի, քաղաքը պարզապես կանգ կառնի, և եթե այսօրվա ճգնաժամը հնարավոր է լուծել ավագանու ինստիտուտի ներսում, ապա այդ լուծումը պետք է տրվի այստեղ, և ավելորդ ցնցումների չենթարկենք թե՛ Հանրապետությունը, թե մայրաքաղաքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել