Ողջունում ենք Կառավարության գործողությունները. «Գիտուժ»-ի հայտարարությունը` «ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
13:12 - 21 դեկտեմբերի, 2021

Ողջունում ենք Կառավարության գործողությունները. «Գիտուժ»-ի հայտարարությունը` «ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Գիտուժ»-ի հայտարարությունը «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ․

Դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովն ընդունեց 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Համաձայն օրենքի՝ 2022թ. «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով (դասիչ 1162) նախատեսված է հատկացնել մոտ 25.15 մլրդ. դրամ [1]: Համեմատելով 2021թ. բյուջեում նույն տողով նախատեսված հատկացումների հետ, որոնք պետք է կազմեին մոտ 13.76 մլրդ. դրամ, կարող ենք գրանցել նախատեսված հատկացումների մոտավորապես 83% աճ:

Պարզաբանում. Կառավարության՝ մարտի 18-ի 371-Ն (կրճատում) և ապրիլի 8-ի 524-Ն (ավելացում) բյուջեում վերաբաշխումների մասին որոշումների համաձայն գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար 2021թ. հատկացումներն ավելացվել էին գումարային 2 մլրդ. դրամով՝ կազմելով մոտ 15.76 մլրդ. դրամ: Սա նշանակում է, որ 2021թ. փաստացի հատկացումների համեմատ 2022 թ. նախատեսվում է մոտ 60% աճ:

Հայաստանում գիտական էկոհամակարգի արագընթաց առողջացմանը և զարգացմանը միտված պայմաններ ստեղծելու համար «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կառավարությանը ու Ազգային Ժողովին ուղղված իր պահանջում [2] կոչ էր անում կատարել առնվազն երեք գործողություն.

  1. 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումները:
  2. ՀՀ գիտության բնագավառը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնելով 2024թ. հասցնել բյուջեի առնվազն 4%-ին (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):
  3. Լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, բյուջեի աստիճանաբար աճի հանձնառության հիման վրա ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ:

«Գիտուժ» նախաձեռնությունը, հաշվի առնելով գիտության 2021թ. բյուջեի և 2022թ. նախատեսած բյուջեի աննախադեպ ավելացումները, առաջին կետը համարում է ուշացումով կատարված։ Կարևոր է ընդգծել նաև գիտնականների բազային աշխատավարձերի աստիճանաբար ավելացման մասին Կառավարության մայիսի 13-ի 747-Լ որոշումը և 2022-2025թթ. գիտության համար հատկացումներն ամեն տարի 3-5 մլրդ. դրամով ավելացնելու մասին ապրիլի 14-ին վարչապետի ԱԺ-ում կատարած հանրային խոստումը:

Ողջունում ենք Կառավարության այս գործողությունները և ակնկալում ենք, որ 2022 թ. գիտության համար բյուջեով նախատեսված հատկացումները կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով՝ առանց որևէ կրճատումների:

Դրական առաջընթացն արձանագրելով և ողջունելով հանդերձ՝ պետք է արձանագրենք, որ դեռ անկատար են մնում մեր պահանջի երկրորդ և երրորդ կետերը։

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների և ռիսկերի առջև։ Այդ մարտահրավերներին դիմակայելու և ռիսկերը մեղմելու կամ ամբողջությամբ վերացնելու գործընթացը կարող է հիմնված լինել միայն ամենաարդիական գիտահետազոտական և փորձարարական կարողությունների վրա՝ թե՛ մաթեմատիկական-բնագիտական, թե՛ հասարակական ու հումանիտար գիտությունների մեջ: Ամեն օր հապաղելով ու հետաձգելով համարձակ հանձնառության վրա հիմնված պետական կարիքներից բխող ռազմավարության մշակումը և իրագործումը՝ մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծում մեր առջև ծառացած մարտահրավերներից բխող վտանգների և ռիսկերի իրականացման համար։

Գիտուժի օրեցօր աճող համայնքն անընդունելի է համարում ցանկացած հապաղում այս կենսական հարցում և հետևողական է լինելու վերոնշյալ պահանջների ամբողջական և շուտափույթ կատարմանը:

Հղումներ.

[1] http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12781&Reading=0 , Հավելված N1, աղյուսակ N2 

[2] https://gituzh.am/պահանջ/ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել