Երևանի ավագանու նիստը չկայացավ․ Մարությանը հայտնեց, որ շատ հարցերի պատասխաններ կհնչեն արտահերթ նիստի ժամանակ
12:02 - 21 դեկտեմբերի, 2021

Երևանի ավագանու նիստը չկայացավ․ Մարությանը հայտնեց, որ շատ հարցերի պատասխաններ կհնչեն արտահերթ նիստի ժամանակ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր պետք է տեղի ունենար Երևան քաղաքի ավագանում հերթական նիստը։ Երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին»

Ավագանու նիստին ներկա էր ութ անդամ, ինչի հետևանքով քվորում չապահովվեց, և նիստն ընդմիջվեց։ Դարձյալ հավաքվելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ նիստը համարում են չկայացած։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Մարությանի հայտարարությունից հետո ասաց, որ իր համար «առնվազն տարակուսելի է, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը չմիացած մարդիկ ներկա չեն նիստին․ «Որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, դրա համար ջանք գործադրելու տեղ է, և մարդիկ, ովքեր պաշտպանել են ձեզ (Հայկ Մարությանին- խմբ․), կարծում եմ՝ հիմա պետք է այստեղ լինեին»։

Մարությանն էլ արձագանքեց՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ, միգուցե աշխատանքի են։

Ավագանու անդամն Վահե Գրիգորյանն էլ կարճ ելույթ ունեցավ․ «Ուզում եմ մեր կոլեգաներին հիշեցնել, որոնք այդպես էլ չկարողացան համոզել, ուղղակի փորձում են տեխնիկապես հարցը լուծել։ Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին Սերժ Սարգսյանն էլ տեխնիկապես մտավ ԱԺ, և ուղղակի թվաքանակով ընտրվեց վարչապետ»։

Իզաբելլա Աբգարյանն էլ, անդրադառնալով Խաժակյանի խոսքին, ասաց, որ թյուրիմացություն է եղել, և շատերը մտածել են, որ «Իմ քայլի» հայտարարությունը նիստը չկայանալու մասին է։ Նա նաև հարց ուղղեց Հայկ Մարությանին՝ նշելով, թե վերջինս ինչու չի դիմում երևանցիներին, որոնք նրան ընտրել են քաղաքապետ։ Մարությանն էլ արձագանքեց, որ դա նիստի օրակարգում չէ, և այդ հարցերի պատասխանները կհնչեն վաղը կայանալիք արտահերթ նիստի շրջանակում։

Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ կգումարի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել