Պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու մասի
10:50 - 21 դեկտեմբերի, 2021

Պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու մասի

Մենք չենք միացել այդ նախաձեռնությանը, որովհետև այն պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են, ավելի շատ ներքաղաքական խնդիրներից են բխում։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու պատճառներին։

«Մենք այդտեղ վերապահում որպես այդպիսին չունենք և գտնում ենք, որ եթե իրենք նոր այս պատճառաբանություններով ցանկանում են փոփոխություն իրականացնել, ապա դա իրենց իրավունքն է, մենք այդտեղ անելիք չունենք»։

Խաժակյանն ընդգծեց նաև, որ որպես ավագանու անդամներ կրկին հանձնառու են վերահսկել նոր քաղաքապետի գործունեությունը․ «Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը գոնե այն մասով, որքանով մենք փոխհարաբերվել ենք քաղաքային տնտեսության վերաբերյալ, ցուցաբերել է բանիմացություն և հույս հայտնեմ, որ մենք առնվազն որևէ մասով հետընթաց եղած վիճակից չենք ունենա»։

Նա նաև հիշեցրեց, որ Հայկ Մարությանի գործունեության արդյունավետության վերաբերյալ վերջին տարիներին շատ է խոսել․ «Ես մշտապես հայտարարել եմ և թվերով էլ ի ցույց եմ դրել, որ այն կառավարումը, որը իրականացվել է,  ձախողված կառավարում է եղել, մենք տեսնում ենք նաև, որ այդ ձախողումը արձանագրվել է ոչ միայն քաղաքային տնտեսության մեջ, այլ նաև քաղաքական փոխհարաբերությունների մեջ, որովհետև Երևանի ավագանին քաղաքական մարմին է, Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոն է։ Ես նաև հասկանում և ընդունում եմ, որ մեր քաղաքացիներից շատերի համար այս տրամաբանությունը անընկալելի է և այն մարդիկ, ովքեր գտնում են, որ Մարությանի գործունեությունը դրական անդրադարձ է ունեցել, իրենք չեն հասկանում իշխանության՝ քաղաքապետի փոփոխության շարժառիթները, բայց այդուհանդերձ ֆիքսենք, որ քաղաքապետը առաջնային մանդատ չունի և ավագանին, այո, կարող է այդ փոփոխությունը իրականացնել»։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը օրեր առաջ հայտարարել էին, որ չեն միանալու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ կգումարի։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել