Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում
12:27 - 24 դեկտեմբերի, 2021

Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Դեկտեմբերի 8-ին հայաստանյան մեդիադաշտում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը եւ հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։

Ոսկեպարի ղեկավար Սերոբ Մախսուդյանն Infocom-ի հետ զրույցում դեկտեմբերի 9-ին ասել էր, որ այս լուրերի մասին միայն բնակիչներից զրույցի մակարդակով է լսել, ավելի ոչինչ չգիտի ու տեղեկություն չունի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին։ Մեր զրույցում նաեւ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Խաչիկ Գիշյանն էր նշել, որ տեղեկություններ չունի շրջանառվող լուրերի մասին, նա առաջարկել էր դիմել Ճանապարհային դեպարտամենտին։

Գերատեսչությունից, սակայն, բանավոր որեւէ պատասխան չէին տվել՝ առաջարկելով բոլոր հարցերն ուղարկել գրավոր։

Ուստի դեկտեմբերի 9-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ին գրավոր խնդրեցինք հայտնել՝ արդյոք ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում նախատեսվո՞ւմ է կառուցել նոր ճանապարհ, եւ եթե այո, ապա որտեղո՞վ է անցնելու ճանապարհը, ի՞նչ տարածքներ է շրջանցելու։

Խնդրել էինք նաեւ նշել՝ եթե նոր ճանապարհի կառուցում նախատեսվում է, ապա ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը, ինչ նշանակության ճանապարհ է լինելու այն։ Բայց ոչ միայն այս հարցերին, այլեւ կոնկրետ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման վերաբերյալ հայցած տեղեկություններին Դեպարտամենտը որեւէ հստակ պատասխան չի տվել։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ ՀՀ ճանապարհային ոլորտն ակտիվորեն զարգանում է, եւ որ տարբեր քննարկումներ են իրականացվում միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Դեպարտամենտն ընդգծել է, որ հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։

«Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ ելնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից՝ հանրապետության տարբեր տարածաշրջաններում իրականացվում են ուսումնասիրություններ՝ առկա ճանապարհներից բացի նոր երթուղիներ ունենալու ուղղությամբ»,- գրել է Դեպարտամենտը՝ գեթ մեկ անգամ չհիշատակելով Ոսկեպար անունը՝ այդպիսով ոչ հերքելով, ոչ հաստատելով, որ նոր ճանապարհի կառուցում է նախատեսվում։

Ստորեւ ինտերակտիվ քարտեզի վրա ցուցադրում ենք, թե այս պահին որտեղով է անցնում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, եւ թե ինչու են այլընտրանքային ճանապարհի մասին խոսակցություններ շրջանառվում։

Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը Մ16 միջպետական ավտոճանապարհի մի մասն է։ Այդ ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը, ըստ Google քարտեզի, առնվազն չորս տեղ դուրս է գալիս ՀՀ տարածքից․ այդ հատվածները նշված են կարմիրով։

Ճանապարից ձախ ընկած է Վերին Ոսկեպարը, նշված է կարմիրով․ այն, դարձյալ ըստ Google քարտեզի, ՀՀ-ի տարածքում չէ, այլ Ադրբեջանի։

Ճանապարհից աջ ընկած են Ներիքն Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը։

Մինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պաշտոնական տեքստը կհրապարակվեր, մամուլում այդ փաստաթղթի նախնական տարբերակն էր շրջանառվում, որը պահպանվել է ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում. դրանում նշված էր, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ Ղազախի շրջանի յոթ գյուղերը՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։

Հայտարարության վերջնական տեքստում այդ դրույթը բացակայում էր, չնայած հետագայում՝ այս տարվա հունիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հաստատեց, որ Ղազախի շրջանների գյուղերի թեման եղել է նաեւ նոյեմբերի 9-ին, սակայն հայկական կողմին հաջողվել էր այդ դրույթը հանել տեքստից։

Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, Բերդում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց

«Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն եւ անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով եւ պրակտիկայով սահմանված լուծման ձեւեր, որ էն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը ուղղակի թողնում են։ Ինչու, որովհետեւ մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն էն է, որ էդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ եւ էն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, էն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։

Այս տարվա դեկտեմբերի սկզբին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան հարցի՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, ասել էր, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․

«Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- հայտնել էր ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։

Այդուհանդերձ, այս տարածքների թեման շարունակվում է քննարկվել նաեւ այսօր, դրանց ճակատագրի վերաբերյալ դեռեւս հստակություն չկա։։ Պաշտոնական մարմինների պատասխաններն էլ չեն հերքում տարածվող տեղեկությունները, որ Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի կառուցման հարց կա։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել