Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե
13:47 - 19 դեկտեմբերի, 2021

Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որում ասվում է․
 
«Վերջին օրերին սրվել են գործող քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ գործադիր իշխանության միջև հարաբերությունները։ Հարցազրույցներից և հայտարարություններից ակներև է, որ այս հակադրության մեջ ակտիվորեն ներքաշվել են նաև օրենսդիր իշխանության մեծամասնությունը ներկայացնող ՔՊ-ականներ։
 
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության մի մասը գործադիր և օրենսդիր իշխանությունների դրդմամբ նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Լուրեր են շրջանառվում, որ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցության անդամները, որոնք սատարում են Մարությանին, ենթարկվում են տարաբնույթ ճնշումների․ նրանց սպառնում են, ստիպում հանդես գալ քաղաքապետի դեմ կամ մանդատը վայր դնել։
 
Սույն իրավիճակը կտրուկ հակասում է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանության տարանջատման սկզբունքին, հակասում է պետական հաստատությունների իրավասությունների և պարտավորությունների տարանջատմանը։
 
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն լրջագույն թերացումներ է նկատել քաղաքապետարանի վերջին տարիների գործունեության (կամ անգործության) մեջ․ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման, ֆիզիկայի գիտավանի կառուցապատման և մի շարք այլ դեպքերում քաղաքապետարանի գործունեությունը կարելի է գնահատել բացասական։ Միաժամանակ արժի նշել, որ այդ դեպքերում նույնպես ակներև է գործադիրի կողմից քաղաքի կառավարմանն անհարկի միջամտությունը։ Նաև անընդունելի են Մարությանի կադրային քաղաքականության մի շարք դրսևորումներ, մասնավորապես՝ քաղաքային պլանավորմանը (քաղաքաշինությանը) առնչվող որոշ նշանակումներ։
 
Չնայած այս թերացումներին, կոմիտեն համարում է, որ գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն նման ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ, քանի որ վերջիններս արդար կերպով ընտրվել են Երևանի համայնքի կողմից։
Կոչ ենք անում կառավարությանը և օրենսդրին չսրել իրավիճակը:
 
Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք աչալուրջ լինել և խնդիրը պահել ուշադրության կենտրոնում»,-ասված է հայտարարության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել