Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում. ՄԽ նախկին համանախագահ |amerikayidzayn.com|
14:00 - 18 դեկտեմբերի, 2021

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում. ՄԽ նախկին համանախագահ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել եւ առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայրարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել. այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս Ադրբեջանից Հայաստան ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը:

«Ղարաբաղյան խնդրի առավել կարեւոր հարցը սակայն Ղարաբաղի կարգավիճակն է, եւ կարծում եմ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարեւոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն, հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն եւ Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»:

Ուորլիքի խոսքով, միջազգային հանրությունը պետք է հետ քայլ կատարի՝փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցն այլեւս լուծված է պատերազմով:

Ամերիկացի նախկին դիվանագետի հետ համաձայն է նաեւ Ֆուլբրայթի կրթաթոշակով Հայաստանում աշխատող ԱՄՆ-ի վերլուծաբան, Հարվարդի շրջանավարտ Դենիել Շապիրոն: Նրա կարծիքով, 44-օրյա պատերազմից հետո Արեւմուտքը դուրս է մնացել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից, որի վերջնական արտացոլումը դարձավ 3+2 ձեւաչափը, որը Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսող Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ:

Տարածաշրջան վերադառնալու համար Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանն անհնրաժեշտ է առաջին հերթին ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, գրել է Շապիրոն՝Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն արձագանքելով:

Ջեյսմ Ուորլիքն «Ամերիկայի Ձայնի« հետ զրույցում նույնպես ընդգծում է. ԱՄՆ-ը սերտ կապեր եւ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ «մենք հետաքրքրված ենք Հայաստանի լավ ապագայով»: Շահեր ունի Վաշինգտոնը նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմական գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին:

«Ուստի, մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա` դա խաղաղ գործընթացի ստեղծումն է եւ առկա խնդիրների իրական կարգավորումը: Դա տեւական գործընթաց է լինելու եւ մենք դա գիտակցում ենք, սակայն, դա միակ ճանապարհն է: Այստեղ որեւէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու»:

Մեկնաբանելով Փաշինյան-Ալիեւ հանդիպումները, Ուորլիքն ընդգծում է՝ կարեւոր է, որ կողմերը դեմ առ դեմ հանդիպեն, իսկ թե ինչ ձեւաչափով՝ երկրորդական հարց է:

«Մենք գիտենք, թե ինչպես են ընթանում այդ հանդիպումները: Դրանք եզակի դեպքերում են միայն բեկումնային լինում: Սակայն, մեր հույսն այն է, որ առաջնորդների միջեւ ուղղակի երկխոսություն տեղի ունենա, որ նրանք ուղղակի միմյանց հետ անհամաձայնությունները քննարկեն, միմյանց հետ ուղիղ խոսեն: Մենք չենք ցանկանում մի իրավիճակ տեսնել, երբ միակ կապը զինված բախումներն են»:

Ամերիկացի նախկին համանախագահը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից առաջ կապն առաջնորդների միջեւ բացարձակապես կտրվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել