Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն․ Սերժ Սարգսյան |tert.am|
13:53 - 18 դեկտեմբերի, 2021

Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ՀՀԿ 17-րդ համագումարը։ Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

«Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ: Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն` մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և  կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին:

Ես սա ասում եմ, որպեսզի պատեհապաշտ ժուլիկները կրկին չփորձեն խցկվել մեր շարքերը և որպեսզի հստակ հասկանան՝ Հանրապետական կարող են դառնալ միայն նրանք, ովքեր պետությունը վեր են դասում իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից:

Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն:

Հավանաբար նկատել եք, որ Հանրապետականը վերջին շրջանում ակտիվ դերակատարություն է տվել հատկապես երիտասարդ կուսակցականներին: Ինչպես տեսնում եք, նրանցից երկուսը ինձ հետ միասին մեր համագումարի վարողներն են, տասնյակ ակտիվ, նվիրյալ երիտասարդներ այստեղ դահլիճում են, հազարավորները՝ այս դահլիճից դուրս:

Չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է, այն իր կազմով երիտասարդ կուսակցություն է։ 2018 թվականից հետո մեր կուսակցության անդամության դիմում լրացրածների 50 տոկոսից ավելին երիտասարդ տղաներ ու աղջիկներ են։ Հզոր ու զարգացած Հայաստանում ապրելու երազանքի իրականացումը նրանք կապում են Հանրապետականի հետ և պատրաստ են իրենց եռանդն ու ավյունը ծառայեցնել այդ նպատակին։ Մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու։ Կարող ենք վստահաբար ասել, որ մենք` Հանրապետականը, «երիտասարդացող» կուսակցությունների շարքում է։

Եթե հիշում եք, մեր երիտասարդները անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո ծավալվող իրադարձությունների կիզակետում էին։

Սիրելի՛ երիտասարդ կուսակից ընկերներ, ես ձեզ խոստանում եմ, որ ցրտաշունչ ձմռանը վրանում անցկացրած ոչ մի գիշեր, հողատու իշխանությունների կողմից բռնաճնշումների ենթարկված ձեր խաղաղ անհնազանդության ոչ մի ակցիա զուր չի անցել։ Մեր ծանր, բայց պատվաբեր պայքարի առաջնագծում լինելու համար ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև տարիներ անց մեր երկրի նորագույն պատմության էջերը կարդացող գալիք սերունդները ձեզ շնորհակալ կլինեն։

Երիտասարդության նկատմամբ մեր կուսակցության վերաբերմունքը արտացոլված է նաև առաջարկվող կանոնադրական փոփոխություններով, որը հույս ունեմ` կարժանանա ձեր հավանությանը: 

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել