Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սեւան համայնքի ղեկավար |armenpress.am|
17:20 - 17 դեկտեմբերի, 2021

Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սեւան համայնքի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերի 17-ին Սեւանի համայնքապետարանում տեղի ունեցավ Սեւան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանից, ավագանու նիստը վարել է ավագանու նիստին ներկա եւ տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը: Նա հայտարարել է նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը:

Սեւան համայնքի ավագանին որոշել է Սեւան համայնքի ղեկավար ընտրել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանին:

 

Սեւան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով ավագանու անդամներին, նշել է, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացել է վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է:

«Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սեւանի տարածաշրջանի առումով, եւ տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումը էլ ավելի է մեծանալու, եւ ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սեւանը դառնալու է հանրապետության ներկայանալի եւ օրինակելի համայնքներից մեկը»,- ասել է Սարգիս Մուրադյանը:

Օրակարգային հաջորդ հարցի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, նշելով, որ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Սեւանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սեւան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները:

Օրակարգային վերջին հարցը վերաբերել է Սեւան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելուն ։ Համայնքի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը գումարել 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, Սեւանի համայնքապետարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել