Քրիստինե Գրիգորյանն անհրաժեշտ է համարում ուժեղացնել անվտանգային ոլորտում ՄԻՊ-ի աշխատանքը  |armenpress.am|
12:05 - 17 դեկտեմբերի, 2021

Քրիստինե Գրիգորյանն անհրաժեշտ է համարում ուժեղացնել անվտանգային ոլորտում ՄԻՊ-ի աշխատանքը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել: Քրիստինե Գրիգորյանը նման կարծիք հայտնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Կարծում եմ, շատերն այստեղ կհամաձայնեն, որ այսօր ՄԻՊ ինստիտուտը իրապես կայացած փոքրաթիվ ինստիտուտներից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի իր առաքելությունը»,- ասաց Գրիգորյանը:

 Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի զարգացման համար իրենց անուրանալի ավանդն են ունեցել ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը նախկինում զբաղեցրած Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը, գործող ՄԻՊ Արման Թաթոյանը:

 «Իմ գործունեության բերմամբ սերտորեն աշխատել և աշխատում եմ Պաշտպանի աշխատակազմի հետ, և կարող եմ ասել, որ այնտեղ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված»,- նշեց Քրիստինե Գրիգորյանը:

Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց նաև ծրագրային որոշ առաջնահերթություններ, որոնք կյանքի է կոչելու ՄԻՊ-ի պաշտոնում հաստատվելու դեպքում: Առաջինը՝ անվտանգային միջավայրի ձևավորման ու ամրապնդման համար իրավունքակենտրոն մոտեցումների ու կոնկրետ առաջարկների առաջմղումն է:

«Կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ ժողովրդավարությունում անվտանգային ճարտարապետության կարևոր կոմպոնենտ են, և մենք բացառություն չենք: Մեր դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է անվտանգային հարցերում ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով թե սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովման համար՝ ի թիվս այլ հումանիտար հարցերի: Կարծում եմ, Թաթոյանի աշխատանքը թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո Մարդու իրավունքների հարցերում մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցներին արձանագրված խախտումները ներկայացնելու առումով աշխատանքը շատ կարևոր և բարձր գնահատելի է և այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել և զարգացնել:

Միևնույն ժամանակ, ի թիվս այլ հումանիտար հարցերի, կարևոր է նաև չմոռանալ տեղահանված անձանց բնականոն կյանքի ապահովման, սոցիալական վերաինտեգրման ու, ըստ էության, բնական կյանքի վերականգման գործառույթը, որի մասով Պաշտպանը ունի կարևոր գործիքակազմ ու դերակատարություն»,- եզրափակեց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել