Ինչ կարող է սպասել Հայաստանը 3+2 ձևաչափից [Challenge 23.1 | Բենիամին Պողոսյան]
17:09 - 13 դեկտեմբերի, 2021

Ինչ կարող է սպասել Հայաստանը 3+2 ձևաչափից [Challenge 23.1 | Բենիամին Պողոսյան]

Պողոսյան Բենիամին

Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Ստեղծման պատմություն

2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հարավային Կովկասում 3+2 ձևաչափով տարածաշրջանային նոր հարթակի առաջին հանդիպումը՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Հարավային Կովկասում նմանատիպ հարթակի ստեղծման գաղափարը նոր չէ և այս կամ այն տարբերակով շրջանառվել է դեռևս 1990-ական թվականների վերջից։ 2008 թ. ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո նմանատիպ հարթակի ստեղծման առաջարկով հանդես եկավ Թուրքիան, սակայն այն իրականություն չդարձավ՝ առաջին հերթին Ռուսաստանի սառը դիրքորոշման պատճառով։

Տարածաշրջանային համագործակցության գաղափարը վերստին շրջանառության մեջ դրվեց 2020 թ. արցախյան պատերազմից անմիջապես հետո։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց 2020 թ. դեկտեմբերի 10-ին՝ Բաքվում կայացած «Հաղթանակի շքերթին» մասնակցելու նպատակով Ադրբեջան կատարած այցելության ընթացքում։ Գրեթե անմիջապես դրական արձագանքներ ստացվեցին Ադրբեջանից և Իրանից, իսկ որոշ ժամանակ անց այս գաղափարին իր աջակցությունը հայտնեց նաև Ռուսաստանը։ Հայաստանի և Վրաստանի արձագանքն ավելի սպասողական և խուսափողական էր։ 

Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ, նախքան վերջնական դիքրորոշում հայտնելը, անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ հարթակի ստեղծման նպատակները։ Մի քանի հակասական հայտարարություններից հետո վրացական իշխանություններն ի վերջո հանդես եկան հստակ մերժմամբ։ Վրաստանն իր դիրքորոշումը հիմնավորում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացման փաստով՝ հայտարարելով, որ չի կարող օկուպանտ պետության հետ քննարկել տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս հարցում էական նշանակություն ունեցավ նաև ԱՄՆ-ի բացասական դիրքորոշումը հարթակի և դրան Վրաստանի մասնակցության վերաբերյալ։ 2021 թ. հոկտեմբերին՝ Վրաստան կատարած այցելության ընթացքում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հստակ հայտարարեց, որ նախքան նման հարթակների ստեղծումը Ռուսաստանը պետք է կատարի 2008թ. օգոստոսին ստորագրված հրադադարի պայմանները և զորքերը դուրս հանի Վրաստանի տարածքից։ 

Հայաստանի իշխանությունները հարթակին իրենց մասնակցության հարցը վերջնականապես հստակեցրին միայն 2021թ. դեկտեմբերի 8-ին, երբ Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց Մոսկվայում սպասվող հանդիպման մասին։ Միևնույն ժամանակ Հայաստանը պնդում է, որ այս նոր ձևաչափում չպետք է քննարկվեն տարածաշրջանային այն խնդիրները, այդ թվում՝ արցախյան հիմնախնդիրը, հաղորդակցության  ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, որոնք դիտարկվում են այլ կառույցներում։

Հարթակի ստեղծման նպատակները

3+2 ձևաչափի ստեղծման հիմնական նպատակը վերջին տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորված «Մրցակցային համագործակցության» հարաբերությունների տեղայնացումն է Հարավային Կովկասում։ Տարբեր տարածաշրջաններում՝ Հարավային Կովկաս, Սևծովյան ավազան, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Բալկաններ, ունենալով համընկնող և հակադրվող շահեր՝ Ռուսաստանը և Թուրքիան առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում կարողացել են ձևավորել հարաբերությունների արդյունավետ մոդել։ Այն թույլ է տալիս տարանջատել տարբեր խնդիրները և, կոշտ պայքար մղելով մի քանի տարածաշրջաններում, համագործակցել մյուսներում։ Ռուս-թուրքական հարաբերություններում այս նոր ձևաչափը սկսել է ձևավորվել դեռևս 2000-ականների կեսերից, սակայն այն առավել հստակ տեսք ստացավ 2016-ի հուլիսին՝ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ Ռուսաստանը միանշանակ աջակցություն ցուցաբերեց նախագահ Էրդողանին։ 

Նախագահ Էրդողանը վերջին տասը տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարաբերականորեն անկախ և ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնող Թուրքիա ձևավորելուն, որն աստիճանաբար հրաժեշտ է տալիս սոսկ ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիքի իմիջին։ Այս ռազմավարությունը տեղավորվում է գլոբալ աշխարհակարգի աստիճանական փոփոխության համատեքստում։ 1991-2008թթ. ԱՄՆ-ի բացարձակ գերիշխանությամբ բնորոշվող միաբևեռ համակարգն աստիճանաբար իր տեղն է զիջում շատ ավելի բարդ, բազմաբևեռ աշխարհակարգի, որտեղ, բացի ԱՄՆ-ից, էական ազդեցություն ունեն նաև Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Եվրամիությունը։ Այս խորքային փոփոխություններն ուղեկցվում են «գլոլաբալիզացիայի ռեգիոնալիզացմամբ», երբ աստիճանաբար սրվում է պայքարը տարածաշրջանային գերիշխանության համար, այդ թվում՝ ուժային դիվանագիտության և ռազմական շանտաժի տարրերի կիրառմամբ։ Տարածաշրջանային շատ խնդիրներ սկսում են կարգավորվել հիմնականում տարածաշրջանային տերությունների կողմից, մինչդեռ մինչև 2008 թ. խաղի կանոնները սահմանում և լուծումները պարտադրում էր բացառապես ԱՄՆ-ն․ բոսնիական ճգնաժամի կարգավորում՝ 1995 թ., Սերբիայի պատժում՝ 1999 թ., ներխուժում Աֆղանստան և Իրաք՝ համապատասխանաբար 2001 թ. և 2003 թ., Կոսովոյի անկախության հռչակում՝ 2008 թ.։

Այս գլոբալ փոփոխությունները ազդում են նաև Հարավային Կովկասի անվտանգության դինամիկայի վրա։ Այստեղ հիմնական խաղացող շարունակում է մնալ Ռուսաստանը, որը տարածաշրջանը դիտարկում է որպես իր հատուկ շահերի գոտի։ Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի համար իդեալական տարբերակ է Հարավային Կովկասից բոլոր արտաքին խաղացողների դուրս մղումը, սակայն առայժմ Ռուսաստանը բավարարվում է Արևմուտքի ազդեցության սահմանափակմամբ։ Հարաբերականորեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնող Թուրքիայի հետ տարածաշրջանային խնդիրների կարգավորումը Ռուսաստանը դիտարկում է որպես առավել արդյունավետ միջոց՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղակի ներգրավվումը սահմանափակելու համար։ Իր հերթին Թուրքիան  3+2 հարթակի ստեղծումը դիտարկում է որպես տարածաշրջանում սեփական ազդեցությունը լեգիտիմացնելու և ֆիքսելու հնարավորություն՝ դա համարելով առաջին քայլ՝ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում Ռուսաստանի փոխարեն առավել ազդեցիկ տերություն դառնալու ճանապարհին։ Հարթակի ձևավորումը կարելի է համարել միջնաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում մրցակցության կարգավորման և այլ խաղացողների ազդեցությունը սահմանափակելու ռուս-թուրքական փորձ։

Հայաստանի խնդիրները

2020 թ. արցախյան պատերազմում պարտությունը էականորեն նվազեցրել է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը, պետության համախումբ ներուժը և բացասական զարգացումներին դիմագրավելու կարողությունները։ Պատերազմի հետևանքով կտրուկ ավելացել է կախվածությունը Ռուսաստանից։ Եթե մինչև 2018 թ. միջազգային փորձագետները հաճախ Հայաստանն անվանում էին «Ռուսաստանի հաճախորդ պետություն» (client state of Russia), ապա 2020 թ. նոյեմբերից հետո ոմանք ընդհանրապես կասկածի տակ են դնում Հայաստանի՝ արտաքին և անվտանգային ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունները։ Ստեղծված պայմաններում, ակնհայտորեն, Հայաստանը չէր կարող մերժել 3+2 հարթակին անդամակցելու Ռուսաստանի առաջարկ/պահանջը։ 

Միևնույն ժամանակ դժվար թե Հայաստանը օգուտներ քաղի հարթակին մասնակցությունից։ Նախ, այն հնարավորություն է տալիս Թուրքիային անմիջականորեն ներգրավվելու Արցախի հետագա ճակատագրին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող քննարկումներին։ Միևնույն ժամանակ, անկախ Հայաստանի ցանկությունից, 3+2 ձևաչափն աստիճանաբար դառնալու է Արցախի խնդրի քննարկման ևս մեկ հարթակ՝ ավելի նվազեցնելով առանց այդ էլ անորոշ վիճակում գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ Ստեղծված պայմաններում Հայաստանի համար չկան լավ ելքեր, և խնդիրը վատի ու վատագույնի միջև ճիշտ ընտրություն կատարելն է։

Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավերը նետում եմ Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հրանտ Միքայելյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել