Սպիտակ դրոշով հայերին մոտեցող ադրբեջանցիների տեսանյութը նոր չէ․ այն նկարահանվել է 2020-ի հոկտեմբերի հրադադարի ժամանակ
12:43 - 14 դեկտեմբերի, 2021

Սպիտակ դրոշով հայերին մոտեցող ադրբեջանցիների տեսանյութը նոր չէ․ այն նկարահանվել է 2020-ի հոկտեմբերի հրադադարի ժամանակ

Հայալեզու որոշ կայքեր տարածել են մի տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները սպիտակ դրոշով մոտենում ու հայ զինծառայողների մոտից տանում մի դիակ։ Կայքերը չեն նշել, սակայն, թե տեսանյութը երբ է նկարահանված եւ որն է դրա սկզբնաղբյուրը։

Թեեւ կայքերը չեն նշել նյութի աղբյուրը, սակայն տեսանյութի վրա երեւում է տելեգրամյան ալիքի հղում։ Տեսանյութը այս տարվա դեկտեմբերի 11-ին հրապարակվել է այս ալիքում՝ կից գրությամբ, որ այն արվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին հրադադարի ժամանակ։ Նշված է նաեւ, որ տեսանյութը Արցախի Մարտակերտի 140-րդ մարտական դիրքից է արված։

Նախքան կայքերում տարածվելը՝ տեսանյութը նույն օրն ավելի ուշ հրապարակվել է iPress-ի յութուբյան ալիքում՝ «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները պարզում սպիտակ դրոշը» վերնագրով՝ դարձյալ առանց հավելյալ մեկնաբանության եւ աղբյուրի նշման։ Տեսանյութը ավելի քան չորս հազար դիտում ունի։ Կայքերն իրենց մոտ տեղադրել են հենց iPress-ի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութը։ Այսինքն՝ տարածվող տեսանյութը նոր չէ, այն նկարահանվել է դեռ պատերազմի օրերին, հրապարակվել միայն հիմա։

Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի ընթացքում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին՝ ռազմական գործողություններից մեկնարկից 13 օր անց էին համաձայնել հրադադար հաստատել Արցախում։ Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ Մոսկվայում ավելի քան տասը ժամ տեւած բանակցություններից հետո: Կողմերը համաձայնել էին հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ: Հենց այդ ժամանակ էլ, ըստ ամենայնի, ադրբեջանցիները կարողացել են վերցնել դիակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել