Թուրքական ծագման ապրանքների արգելքը ևս 6 ամսով կերկարաձգվի․ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցման փուլում է
12:04 - 14 դեկտեմբերի, 2021

Թուրքական ծագման ապրանքների արգելքը ևս 6 ամսով կերկարաձգվի․ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցման փուլում է

Առաջարկվում է ՀՀ-ում թուրքական ծագման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը երկարաձգել ևս 6 ամսով։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Ներկայումս համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցման փուլում է «ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ևս 6 ամսով արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը»,- նշել է նախարարությունը։ 

Հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը վերանա, նախարարությունից այսպես են պատասխանել․ «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմական գործողություններին, ինչպես նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգներից խուսափելու անհրաժեշտությունը»։

Նախարարությունը նշել է, որ արգելքը լիարժեք սկսել է գործել 2021 թ․-ի հուլիս ամսից՝ որոշման ևս 6 ամիս երկարաձգումից հետո․ «Թուրքական ծագման ապրանքների՝ ՀՀ ներմուծման արգելքի ՀՀ տնտեսության վրա ազդեցության գնահատումը, այլընտրանքային շուկաների որոնումը, ներկայացված ապրանքատեսակներին փոխարինող տեղական արտադրությունների հիմնումը պահանջում են ավելի երկարաժամկետ լուծումներ, ինչը կարճաժամկետում իրականացնել գործնականում հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հետպատերազմյան շրջանում երկրներն ունենում են միջինում 7-10% տնտեսական անկում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4.4%, կարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսությունը ի վիճակի է դիմակայել նաև թուրքական ապրանքների արգելքի պայմաններում»։

Էկոնոմիկայի նախարարությունը միաժամանակ նշել է, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքի վերացումը առաջիկա 3-5 տարվա կտրվածքով համարում է ոչ նպատակահարմար։

ՀՀ կառավարությունը 2020 թ․-ի հոկտեմբերի 20-ին որոշում էր ընդունել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի մասին․ որոշումն ուժի մեջ պետք է մտներ 2021 թ․-ի հունվարի 1-ից՝ 6 ամիս ժամկետով։ Այնուհետև կառավարությունը հուլիսին որոշել էր ևս 6 ամսով երկարաձգել համապատասխան արգելքը՝ մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 31-ը։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել