ԱԺ-ն դեմ քվեարկեց ընդդիմադիրների՝ «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը  քառօրյայի օրակարգում ներառելուն
12:09 - 07 դեկտեմբերի, 2021

ԱԺ-ն դեմ քվեարկեց ընդդիմադիրների՝ «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը քառօրյայի օրակարգում ներառելուն

Ազգային ժողովն այսօր չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։

Ավելի վաղ նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում, ուստի «Հայաստան» խմբակցությունը առաջարկել էր հարցը լրացուցիչ ընդգրկել այսօրվա նիստի օրակարգում։

Նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախագիծը ներկայացնելիս ասաց՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը, փաստացի միակողմանի սահմագծման և սահմանազատման գործողությունները Հայաստանի Հանրապետության ինիքնիշխանության կորստի և Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանը և գոյությանը լուրջ սպառնալիք են․ «Ակնհայտ է, որ ինչպես պատերազմից հետո, իշխանությունը, ունենալով պետական ամբողջ գործիքակազմը, գնահատական տալու ստեղծված իրավիճակին և իր իսկ թիմի գործունեությանը, այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր և զգայուն սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին՝ ամեն կերպ ամեն ինչ անելով, որպեսզի փակ քննարկում կազմակերպվի։ Փակ քննարկման ընթացքում ներկայացված խմբագրված հայտարարության տարբերակին  որևիցե նոր առաջարկություն չտալով դեմ քվեարկեց»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի․ «Իշխանությունը խուսափում է բաց քննարկել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»։

Պատգամավորն ասաց, որ հայտարարությամբ պահանջում են ըստ էության գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում են բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին, և նաև պետության անվտանգությանը,  ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակը արագ վերականգնել, սահմանները ամրապնդել և բարելավել հստակեցնել կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները։

Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ելույթում նշեց՝ հաշվի առնելով, որ հարցի քննարկումը ենթադրում էր Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության վերաբերյալ զգայուն հարցեր, հանձնաժողովը փակ ռեժիմով մանրամասն քննարկել է հայտարարության նախագիծը և առաջարկում է Ազգային ժողովին նախագիծը հավելյալ չքննարկել լիագումար նիստերի ժամանակ։

Կարապետյանը նշեց, որ հայտարարությունը երեք մասի կարելի է բաժանել․ առաջին մասը կապված է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու հետ, իսկ այդպիսի հայտարարություններ, Կարապետյանի խոսքով, ԱԺ-ն արդեն ընդունել է։   

«Այս հայտարարության նախագիծը ընդդիմադիր խմբակցության նախագիծ է, որի ընդդիմադիր դիրքորոշումները, բնականաբար, կառավարող խմբակցությունը չի կիսում։ Հայտարարությունն ըստ էության փորձ է անվտահություն հայտնել ՀՀ կառավարությանը բանակցություններում և մասնավորապես սահմանագծման և սահմանազատման հարցում պետության և ժողովրդի շահերը առաջ մղելու պատրաստակամության վերաբերյալ, սա մեզ համար անընդունելի է, ավելին հայտարարության նախագիծը առաջարկում է կոչ անել ՀՀ կառավարությանը մնալ ՀՀ միջազգային և ներպետական պարտավարությունների, այդ թվում՝ Սահմանադրության շրջանակներում։ Մենք նման կասկած հայտնելու որևէ դրդապատճառ չունենք»։

Նա ընդգծեց նաև՝ սահմանազատման և սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ պետք է տարանջատել։

Նախագծի քվեարկությունից առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, ինչից հետո հարցը քվերակության դրվեց․ 28 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Հայաստան» խմբակցության նախագիծը չներառվեց լիագումար նիստերի օրակարգում։ Քվեարկությունից հետո Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագծի լրամշակված տարբերակը դրվել է շրջանառության մեջ և դեկտեմբերի 14-ին պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու են արտահերթ նիստ գումարել՝ նույն օրակարգով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել