Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները
 |1lurer.am|
21:35 - 03 դեկտեմբերի, 2021

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը, ինչպես նաև Հարավային Կովկասի իրադրությունը՝ տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:

Հեռախոսազրուցի ընթացքում ընդգծվել է Երևանի և Բաքվի՝ տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում գործակցելու, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու պատրաստակամությունը: Բացի դրանից՝ ընդգծվել է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող գործնական հարցերի լուծման հանդեպ կողմերի տրամադրվածությունը: 

Նախագահներն անդրադարձել են նաև Դոնբասի խնդրին: Ռուսաստանի նախագահը հայտարարել Է, որ Կիևը շարունակում է ապակառուցողական գիծը՝ ուղղված Մինսկի համաձայնագրերի տապալմանը: Պուտինը նշել է, որ դա է վկայում հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, ներառյալ «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կիրառումը։ Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևը պետք է հրաժարվի Դոնբասի վրա ուժային ներգործության ցանկացած փորձից:

Էրդողանը և Պուտինը քննարկել են նաև Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները և գնահատել դրանց զարգացմանն ուղղված քայլերը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել