Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ
20:45 - 03 դեկտեմբերի, 2021

Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գործող կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին:

Պետական նախարարը ընգծել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքը՝ շեշտելով, որ նախընտրելի արդյունավետությանը հասնելու համար դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու:

«Տարբեր ահազանգեր են ստացվում այն մասին, որ դեռևս շատ քաղաքացիներ ու տնտեսվարողներ չեն պահում կարանտինի կանոնները: Խստորեն պահանջում եմ հետևողական ու արդյունավետ կերպով կիրառել վերահսկողական մեխանիզմները: Այս պահին պատասխանատվությունը մեծ չափով տնտեսվարողների վրա է դրված՝ առաջարկելով կառավարության լիարժեք աջակցությունը մասնագիտական խորհրդատվության, կազմակերպական և, ըստ կարիքի, նյութական տեսքով: Եթե տնտեսվարողներն ու պետական մարմինները իրենց տարածքներում լիովին պահպանեն հակահամաճարակային կանոնները, կունենանք արդյունավետ կարանտին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Առողջապահության նախարարը, ոստիկանության պետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք խոսել են կարանտինի ընթացքում կիրառվող հիմնական միջոցառումների և սահմանափակումների ապահովման աշխատանքների մասին, նշել առկա խնդիրները: Պետական նախարարը հանձնարարել է բարձր պատասխանատվություն ցուցաբերել և խիստ վերահսկողություն սահմանել առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման հարցում:

Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հեռավար ուսուցման անցած հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

Պետական նախարարը հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրությամբ՝ այդ հարցում կարևորելով մատչելիության ու իրազեկվածության սկզբունքների արդյունավետ ապահովման անհրաժեշտությունը: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատվաստանյութերի անհրաժեշտ քանակի, ախտահանող ու պաշտպանիչ միջոցների անհրաժեշտ քանակության ապահովությունը գտնվում է կառավարության ուշադրության ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել