Արմավիրի համայնքապետի միակ թեկնածու Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ խնդիրների մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա տարիներին
13:59 - 03 դեկտեմբերի, 2021

Արմավիրի համայնքապետի միակ թեկնածու Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ խնդիրների մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա տարիներին

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Արմավիրում մեկ թեկնածու է առաջադրվել՝ համայնքի գործող ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը։ ՔՊ-ն Արմավիրում 46 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Արմավիրում միակուսակցական ավագանի է լինելու։

Infocom-ի հետ զրույցում Դավիթ Խուդաթյանը կարծիք հայտնեց, որ իրենց նախընտրական քարոզարշավն ընթացել է դրական մթնոլորտում՝ չհաշված այն պահը, երբ նոյեմբերին սահմանային իրավիճակը սրվեց․ այդ ժամանակ Արմավիրում ՔՊ-ի թիմը, ինչպես մյուս համայնքներում այլ քաղաքական ուժեր, դադարեցրել էին քարոզարշավը։ 

Խոշորացված Արմավիրում, որտեղ քաղաքին միացած եւս տասը բնակավայր կա, ՔՊ-ի թիմը քարոզարշավն իրականացրել է բնակիչների հետ հանդիպումներով ու զրույցներով․ «Բնակիչների հետ բազմամարդ հանդիպումներ ենք ունեցել, հարց ու պատասխաններ։ Այսօր էլ հանդիպում ունենք բնակիչների հետ, բայց ավելի շատ քայլերթի տեսքով, քայլելու ենք քաղաքում, մարդկանց ներկայացնելու ենք մեր թիմը, մեր արած աշխատանքներն ու ապագա անելիքները, իսկ երեկոյան 18:30-ին ամփոփիչ հավաք ենք ունենալու Արմավիրի մշակույթի տան դահլիճում»,- մեր զրույցում ասաց համայնքապետի թեկնածուն։

Դավիթ Խուդաթյանի վստահեցմամբ՝ տարածաշրջանին ինքը լավ ծանոթ է, խնդիրներն իր համար նոր չեն․ «Բնակիչների հետ բազմիցս առիթ ենք ունեցել շփվելու, նրանց բարձրացրած խնդիրները գրեթե միատեսակ են։ Այդ խնդիրները մենք բաժանել ենք երկու մասի՝ կարճաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, եւ խնդիրներ, որոնց լուծումը բավականին երկար ժամանակ է պահանջելու։ Այնպես որ, կենսական անհրաժեշտության բոլոր խնդիրները լուծելն առաջիկա հինգ տարում շատ հավանական է, եւ մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ»։

Արմավիրը, մեր զրուցակցի դիտարկմամբ, գյուղատնտեսական տարածաշրջան է, ուստի այստեղ բնակիչներին անհանգստացնող հիմնական խնդիրները վերաբերում են գյուղատնտեսությանը․ կան ոռոգման ջրի խնդիրներ, բերքի իրացման խնդիրներ։ Բնակիչները Խուդաթյանի հետ զրույցներում բարձրացրել են նաեւ ենթակառուցվածքների հարցը, մարդկանց մտահոգում է նաեւ նախադպրոցական կրթական անհասանելիությունը․ «Համայնքների մեծ մասում Խորհրդային Միության փլուզումից հետո մանկապարտեզներ չեն եղել, մեզ համար սա եւս առաջնային լուծում պահանջող խնդիր է»,- շեշտեց համայնքապետի թեկնածուն։

Համայնքի բյուջեն գուցե բոլոր խնդիրների լուծման համար չբավարարի, սակայն, մեր զրուցակցի կարծիքով, հնարավորություններն ավելի մեծ են, քան բյուջեն․ 

«Խոսքը ե՛ւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների, ե՛ւ ամբողջական պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի, ե՛ւ դոնոր-կազմակերպությունների հատկացրած գումարներով իրականացվող ծրագրերի մասին է։ Այնպես որ, այդ գումարները ճիշտ նպատակին ուղղելու դեպքում չեմ ասում՝ իդեալական պատկեր ենք ստանալու, բայց որ բնակիչները շատ արագ նկատելու են դրական լրջագույն փոփոխություն, այդպես է»։

Համայնքի ներքին զարգացման համար Դավիթ Խուդաթյանը կարեւոր ուղղություն է համարում նաեւ տուրիզմի ոլորտը․ խոշորացող Արմավիրի տարածքում է, օրինակ, Սարդարապատի հուշահամալիրը, որը․ ըստ մեր զրուցակցի, տուրիստական էական ուղղություն է ամբողջ հանրապետության համար․

«Նաեւ գյուղատնտեսական՝ էկոտուրիզմի լավ հնարավորություններ ունի այս հատվածը, այնպես որ պատրաստ ենք նաեւ այս ուղղությամբ աշխատել, ե՛ւ հավանական ներդրողների հետ, ե՛ւ կազմակերպությունների, ե՛ւ պետության հետ՝ այս հատվածը ներառելու Հայաստանի տուրիզմի ամենաշատ այցելվող տեղերի մեջ»։ 

Եւ խոսքը միայն ներքին տուրիզմի մասին չէ։ Վերջին տարիներին, Խուդաթյանի համոզմամբ, Արմավիրի մարզում փոքր գինեգործական ընկերությունները սկսել են լայն թափով աշխատել․ «Եւ սա հետաքրքիր ուղղություն կարող է դառնալ ոչ միայն տեղացիների համար, այլ նաեւ Հայաստան եկող մեր հյուրերի համար»։

Այս ընտրություններում Դավիթ Խուդաթյանն ու իր թիմը քաղաքացիներից քվե են ակնկալում ոչ թե նրա համար, որ առաջադրված միակ քաղաքական ուժն են, այլ կարծում են, որ բնակիչների հետ երեք տարիների իրենց համատեղ աշխատանքը Արմավիրում հաջողությամբ է պսակվել․ «Եւ քաղաքացիները պետք է որ վստահություն ունենան, որովհետեւ մենք էլ վստահություն ունենք, որ արդեն խոշորացված համայնքում հետագա համատեղ աշխատանքը եւս ստացվելու է։ Այնպես որ, մեզ համար շատ կարեւոր է քաղաքացիների մասնակցությունը, եւ կարեւոր է, որ քաղաքացիները վստահ լինեն՝ այն խնդիրները, որոնք բարձրացրել են, մեր ուշադրության կենտրոնում են լինելու, եւ դրանց մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա հինգ տարիներին»,- ասաց մեր զրուցակիցը, եւ հարցին՝ չի՞ վախեցնում, որ խոշորաված՝ ավելի մեծ համայնքն ավելի շատ աշխատանք ու ջանք է պահանջելու, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Չի վախեցնում, ավելի է պարտավորեցնելում»։

Լուսանկարը՝ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել