Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ
16:46 - 01 դեկտեմբերի, 2021

Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 27-ի 30-րդ նիստի օրակարգի 1-ին կետի վերաբերյալ, որում ասվում է․

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լսեց «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների  նպատակային օգտագործման վերաբերյալ  խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբի, հիմնադրամի հաշվեքննությունն իրականացնող աուդիտորական կազմակերպության և ՀՀ ֆինանսների նախարարի զեկույցները և դրանք ընդունեց ի գիտություն։

Աշխատանքային խումբը հայտնեց, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել, ինչպես նաև աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցեցին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը:

ՀՀ վարչապետը դիմեց ՀՀ հաշվեքննիչ պալատին՝ առաջարկելով դիտարկել այս հարցով կատարվելիք հաշվեքննություններում աշխատանքային խմբին և աուդիտորական կազմակերպությանը փորձագիտական մակարդակով ներգրավելու հնարավորությունը:

ՀՀ վարչապետը հայտարարեց Կառավարության թափանցիկ և հաշվետվողական գործելու պատրաստակամության մասին. աշխատանքային խմբի և արտաքին աուդիտորական կազմակերպության համար հասանելի դարձնել սկզբնական բոլոր փաստաթղթերը՝ աշխատանքներն ամբողջականացնելու համար և, որը շատ էական է,  վստահեցնել թե՛ խորհրդին, թե՛ հանրությանը, որ Հիմնադրամի ներդրումները Կառավարության խողովակներով պատշաճ կերպով են օգտագործվել։

Հոգաբարձուների խորհուրդն ուշադրության կենտրոնում կպահի այս հարցը և, ըստ անհրաժեշտության, վերստին կանդրադառնա դրան։

Խորհուրդը, արժևորելով Հիմնադրամի դերը աշխարհասփյուռ հայությանը համընդհանուր նպատակի շուրջ համախմբելու գործում, կրկին շնորհակալություն  հայտնեց բոլոր նվիրատուներին և աջակիցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել