Հրազդանում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում, հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է․ Արշավիր Խաչատրյան
13:01 - 01 դեկտեմբերի, 2021

Հրազդանում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում, հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է․ Արշավիր Խաչատրյան

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Աննար» ՍՊԸ-ի տնօրեն Արշավիր Խաչատրյանը։

Նա Infocom-ի հետ զրույցում ասաց, որ «լայն» քարոզարշավ չեն անցկացնում․ «Նպատակահարմար չենք գտնում տուն-տուն, թաղ-թաղ գնալու։ Ուղղակի մեր մտերիմների շրջապատում ճանաչում են, գիտեն, իրենց հետ հանդիպումներով, ֆեյսբուքով, լրատվությամբ փորձում ենք մեր հիմնական ընտրողներին մեզ հետ բերել»։

Խաչատրյանի խոսքով՝ Հրազդանի բնակիչները դրական են արձագանքում իրենց թիմին, որովհետև, ըստ նրա, ներկայացված քաղաքական ուժերի մեջ ամենապրոֆեսիոնալն իրենց թիմն է․ «Ցանկացած պարագայում, ով էլ մտւմ է պայքարի մեջ, ակնկալում է, որ հաղթելու է, մասնակցում ենք հաղթելու ակնկալիքով։ Թե արդյունքները ինչպիսին կլինեն, ընտրություններից հետո կերևա»։

Անդրադառնալով Հրազդանի խնդիրներին՝ Խաչատրյանը նշեց՝ ինչպես ամբողջ հանրապետությունում, այդպես էլ Հրազդանում կարևոր է աշխատատեղերի խնդիրը, որը, նրա պատկերացմամբ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարող է լուծվել․

«Հրազդան քաղաքում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, որպեսզի մարդիկ դրսում աշխատանք չփնտրեն, մնան տեղում, և շենացնեն այս քաղաքը, մեր երկիրը։ Մենք պետք է կարողանանք այնպիսի օրենսդրական դաշտ բարելավել, որպեսզի կարողանանք ներդրումներ բերել համայնք, աշխատատեղեր ստեղծենք, իսկ դրա հնարավորությունը համայնքն ունի»։

Համայնքապետի թեկնածուն հիշեցրեց՝ ժամանակին Հրազդանը խոշոր արդյունաբերական քաղաք է եղել․ «Այսօր հիմնականում բացառությամբ Հրազդան ՋԷԿ-ից և Ցեմենտի գործարանից, բոլոր գործարանները կանգնած վիճակում են, մենք փորձելու ենք ներդրումներ բերենք համայնք և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծենք, որը նաև համայնքի  բյուջեին լրացուցիչ եկամուտներ կբերի, որն էլ կկարողանանք օգտագործել և՛ ենթակառուցվածքների վերանորոգման, կապիտալ վերակառուցման, և՛ մշակութային ու սպորտային օբյեկտների վերականգնման, վերանորոգման ուղղությամբ»։

Արշավիր Խաչատրյանը նշեց՝ քանի որ Հրազդանը խոշորացված համայնք է, որին ևս 4 գյուղեր են միացել, համայնքում կան նաև գյուղատնտեսական խնդիրներ․ «Հողերի մեծ մասը չի մշակվում, իսկ այդ ուղղությամբ իրոք անելիքներ շատ կան։ Բնակիչը պետք է վստահ լինի, որ այնպիսի կուլտուրա պետք է ցանի, որից եկամուտ կստանա, և ինքը դրանով կարողանա ընտանիք պահել, իսկ եթե նա այնպիսի կուլտուրաներ է մշակում, որոնցից եկամուտ չունի, պարզ է, որ նա ուրիշ աշխատանք է փնտրելու, և հողի մշակումը դառնալու է երկրորդային։ Կարելի է ասել, որ այսօր Հրազդանի և գյուղական շրջանի մեծ մասի հողերը չեն մշակվում, լուրջ անելիքներ ունենք այդ ուղղությամբ, և հողերի մշակման ուղղությամբ, աշխատանքների համախմբման ուղղությամբ, կուլտուրաների մշակման ուղղությամբ, թե կոնկրետ որ տարածաշրջաններում ինչպիսի կուլտուրաներ պետք է մշակվեն, եկամտաբեր բիզնես կարողանան դնել, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն կարելի է իրականացնել, և նմանատիպ շատ ուրիշ ծրագրեր»։

Իսկ քաղաքային համայնքներում, Խաչատրյանի խոսքով, անհրաժեշտ է ջերմոցային տնտեսությունների քանակի մեծացում․ «Այսօր մենք Հրազդանում ունենք նմանատիպ փորձ, այդ ուղղությամբ կարելի է աշխատանք իրականացնել։ Դա մեր ծրագրերում կա, եթե կարողանանք համայնքում ղեկավար դիրք ունենալ, այդ ամեն ինչը կկազմակերպենք, ունենք լավ մասնագետների թիմ, որոնք այս ամենը կկարողանան կազմակերպել։ Ինչ մնում է ենթակառուցվածքներին, չեմ կարող չասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ասֆալտապատման ուղղությամբ աշխատանք արվել է համայնքում։ Կարելի է ավելին անել և՛ ջրամատակարարման ուղղությամբ, և՛ ոռոգման համակարգերի ուղղությամբ։ Իհարկե, այդ ամեն ինչի համար բյուջեում լրացուցիչ միջոցներ են պետք,  պետք է մուտքեր ավելացնել։ Այդ թաքնված եկամուտների տեղը մենք շատ լավ գիտենք։ Կարելի է վարչական աշխատանքի արդյունքում բյուջեն 20-30%-ով ավելացնել, իսկ դա արդեն ահագին մեծ գումար է, որ կարող է դրվել համայնքում»։

Համայնքապետի թեկնածուն նշեց նաև, որ կողմ է խոշորացման գործընթացին՝ հավելելով, որ լավ թիմ ունենալու դեպքում խոշորացումը դրական ազդեցություններ կարող է ունենալ։

Համայնքում զբոսաշրջության զարգացումը թեկնածուն նույնպես իրատեսական է համարում․ «Պետք է հաշվի առնենք, որ խոշորացված համայնքին կից այսօր գործում է և Ծաղկաձոր քաղաքը՝ իր տուրիզմի օբյեկտներով, և՛ Հանքավանի համայնքները։ Քանի որ Հրազդանը կենտրոն է, կարող ենք որոշակի չափով տուրիզմը զարգացնել, նաև հյուրանոցային համալիր ստեղծել, սպասարկման համար վերամշակվող արդյունաբերություն, գյուղատնտեսություն օգտագործել։ Վերջիվերջո այդ երկու պանսիոնատներին մատակարարում է պետք իրականացնել, իսկ դա քաղաքը իր ռեսուրսներով կարող է իրականացնել»։

Նա նաև վստահեցրեց՝ իրենց թիմը կարող է առավելագույնը անել համայնքի զարգացման համար․ «Եթե վերցնենք բոլոր թեկնածուները և թիմերը, դնենք, անալիզ անենք, և մի քիչ ոչ թե զգացմունքներով շարժվենք կամ անձնական խնամի-ծանոթ-բարեկամ թիմ հասկացություններով, նկատեմ, որ բոլոր ներկայացված կուսակցություններից, ցուցակների միջից ամենապրոֆեսիոնալը մեր թիմն է։ Ե՛վ մեր անցած ճանապարհով, և՛ փորձով, և՛ գիտելիքներով մենք կարող ենք առավելագույնը անել։ Ես, իհարկե, չեմ ուզում ասել, թե մյուս թիմերում վատ մասնագետներ կան, վատ մարդիկ են, բայց եթե տեղական ինքնակառավարման մասին է խոսքը, լավ բժիշկը կամ լավ իրավաբանը այդքան էլ չի տիրապետում համայնքային ղեկավարմանը, քան այն մարդը, որը երկար տարիներ աշխատել է համայնքում, պետական կառույցներում և շատ լավ գիտի համայնքի խնդիրները ու գիտի ինչպես կազմակերպել ազգաբնակչության հետ աշխատանքը։

Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։

Լուսանկարը՝ Արշավիր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել