Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան
16:56 - 30 նոյեմբերի, 2021

Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նոյեմբերյանում ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը ՔՊ-ական Կարեն Աբազյանն է։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը 18 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Մհեր Աղամյանը, որ կուսակցության համայնքապետի թեկնածուն է, անհատ ձեռնարկատեր է։ Նա Պտղավան գյուղից է, 40 տարեկան։ 

Աղամյանը, ինչպես եւ թեկնածուներից Աբազյանը, քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ հանդիպումներով։ Մեր զրույցում նա պատմեց, որ բնակիչները տրամադրության անկում ունեն՝ պայմանավորված պատերազմով ու սահմանային վերջին զարգացումներով, բայց իրենք փորձում են մարդկանց բացատրել, որ հուսահատվել պետք չէ։

Աղամյանը Նոյեմբերյանի խնդիրների շարքում առանձնացրեց ներհամայնքային ճանապարհների եւ խմելու ու ոռոգման ջրի հարցը՝ կարծիք հայտնելով, որ դրանք հնարավոր է լուծել համայնքային բյուջեի միջոցով։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդրին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ թեեւ դա իրենց կոմպետենտության շրջանակում չէ, բայց կկարողանան Ջրօգտագործողների միության հետ համագործակցելով լուծել նաեւ այդ խնդիրը։

Աղամյանի կարծիքով՝ առաջնային լուծման հարցերից հետո նոր հնարավոր կլինի զբաղվել համայնքային զարգացման հարցերով։ Մեր հարցին՝ արդյոք համայնքային զարգացումն ու խնդիրների լուծումը միաժամանակ չե՞ն կարող լինել, համայնքապետի թեկնածուն պատասխանեց՝ կարող են, միայն թե շատ աշխատանք է պահանջվում․ 

«Ինչքան հնարավոր է՝ զուգահեռ կանենք, գործարարների հետ հանդիպումներով, Սփյուռքի հայրենակիցներին հանդիպելով, նրանց հետ նոր ծրագրեր իրականացնելով։ Մնացած թե մարզային, թե հանրապետության մակարդակի հարցերում էլ կողքները կկանգնենք, կվազենք էդ մարդկանց հետ, ինչ պետք է աջակցենք, որ մի բան կարողանանք ստեղծել, թե չէ էս վիճակը լավ տեղ չի տանում»,- ասաց Աղամյանը՝ վստահեցնելով, որ այցելած բոլոր գյուղերի խնդիրները գույքագրել են, փորձելու են հնարավորինս արագ լուծումներ գտնել։

«Դիցուք, երեկ Բարեկամավանում ենք եղել, այս գյուղն իր աշխարհագրական դիրքով վերջին գյուղն է։ Այստեղ միջհամայնքային տրանսպորտի հարցը մինչեւ հիմա լուծված չէ։ Մենք մտածում ենք, որ հաստատ դրա համար միջոցներ գտնենք, հիմա թե մասնավորի հետ կպայմանավորենք, թե ոնց, բայց էդ հարցը պետք է լուծենք»,- ասաց Աղամյանը, եւ մեր ճշտող հարցին՝ փաստորեն, համայնքային բյուջեն չի՞ բավարարի խնդրի ամբողջական լուծման համար, պատասխանեց․

«Դե ես պիտի մտնեմ էդ ոլորտի մեջ, որ մանրամասն հասկանամ, հիմա եթե համայնքները միանում են, նմանատիպ համայնքներին տվել են մեքենաներ, մասնավորներ կան, որ ունեն մեքենաներ, հիմա թե կպայմանավորվենք, մի մասը համայնքային բյուջեից կսուբսիդավորվի, թե  ինչ, այդ խնդիրը միանշանակ պիտի լուծենք»։

Աղամյանի խոսքով՝ համայնքն աղբատար մեքենաներ ունի, բայց աղբահանությունը պատշաճ մակարդակով չի իրականացնում․ վստահեցրեց՝ իրենք զբաղվելու են նաեւ այս հարցով։

Համայնքի ներքին տնտեսական զարգացման վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ Նոյեմբերյանում գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ կա․

«Մեր համայնքը երկու ռեգիոնից է բաղկացած․ ներքին զոնան՝ Դեբեդի հովիտը՝ գյուղատնտեսական, այգեգործական, վերին զոնան՝ անասնապահական ռեգիոն է։ ՀՀ-ում նման բնակլիմայական պայմաններ, ինչպիսին գյուղատնտեսական զոնայում է, այլ տեղ երեւի չկան, շատ նպաստավոր պայմաններ ունենք այգեգործությունը շատ արագ զարգացնելու համար, բայց հիմա ով ոնց պատահի, ինչ պատահի՝ մշակում է։ Ասենք՝ ես դեղձենի եմ գցում, էն մեկը՝ տանձենի է գցում, այսինքն՝ էդ հախուռնությունը խանգարում է, որ կարողանանք զբաղվել դեղձի արտադրությամբ եւ տալ, օրինակ, 1000 տոննա դեղձ։ Հիմա արտադրական ծավալները չենք կարողանում մի տեսակով ապահովել, որ դրանով զբաղվելն էլ արդարացված լինի, բիզնեսի տեսանկյունից էլ՝ շահեկան։ Հիմա գյուղացիներին պետք է օգնենք, կողմնորոշենք, նույնիսկ գյուղերը կարող ենք կողմնորոշել։ Տեխնիկական միջոցներն էլ կան, կարող ենք արդյունավետ բաշխել, համակարգային լուծումներ առաջարկելով առաջ գնալ։ Խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը»,- ասաց Աղամյանը։

Նա հավելեց նաեւ, որ Նոյեմբերյանում լայն են էքստրեմալ ու գյուղական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները, ուղղակի, մեր զրուցակցի կարծիքով, մնում է միայն աշխատել այդ ուղղությամբ, փառատոնների մասնակցել, ներկայացնել համայնքի տեսարժան վայրերը, եւ այլն։

Լուսանկարը՝ Աղամյանի ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել